Ս.Սարգսյան. «Արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են լուծել բարդագույն խնդիրներ» (լրացված)
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը բավականին արդյունավետ է: Այս մասին Russia 24-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը հիշեցրել է, որ հոկտեմբերին Երևանի մոտակայքում կայացան Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները, որոնք անցան բարձր պրոֆեսիոնալ մակարդակով. «Ես երկար ժամանակ գլխավորել եմ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, մինչ այդ՝ ռազմական պայմաններում ծանոթ եմ եղել զինվորական գործի հետ, և կարող եմ ասել, որ զորավարժություններին ռազմական ստորաբաժանումները և, առհասարակ, արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են լուծել բարդագույն խնդիրներ»:
Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ օրերս Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության Խորհրդի հերթական նիստում հստակեցվել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարները մտադիր են հետագայում էլ զարգացնել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը:
Այն հարցին, թե արդյոք արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ռազմական ուժի կիրառման դեպքում Հայաստանը կհենվի ՀԱՊԿ-ի իր գործընկերների վրա, Նախագահ Սարգսյանը նշել է. «Իհարկե, տարօրինակ կլիներ հույս չդնել նրանց օժանդակության վրա, հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այդ դաշինքում: Երկրները մտել են այդ դաշինքի մեջ հենց այն մտքով, որ անհրաժեշտ պահին օժանդակեն միմյանց»:
Ս.Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կշարունակվի. «Կազանի փաստաթուղթը դեռ սեղանին է և կբերի որևէ լուծման: Մենք պարտավոր ենք որևէ լուծման գալ: Ռազմական գործողությունները ձեռնտու չեն նաև Ադրբեջանին: Չեմ կարծում, որ ադրբեջանցի զինվորները և ժողովուրդը ցանկանում են պատերազմել: Որևէ ժողովրդի մենք թշնամի չենք համարում: Այնինչ ադրբեջանցի ժողովրդին ցանկանում են ներշնչել, որ հայերն իրենց թշնամիներն են, և դա շատ վատ է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում