Մրցավարական վիճելի որոշումներով խաղում «Վիլյառեալը» և «Բարսելոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»:
«Էլ Մադրիգալում» կայացած խաղում առավելապես տպավորիչ էին գլխավոր մրցավար Խոսե Սանչես Մարտինեսի որոշումները: Առաջին խաղակեսում Մարտինեսը կարող էր կատալոնացիներին թողնել 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ցույց տալով Խերարդ Պիկեին, սակայն, չնայած Պիկեի կողմից կանոնների ակնհայտ խախտմանը, նման որոշում չկայացվեց: Փոխարենը մարզչական գոտուց տրիբունա ուղարկվեց «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Իվան Ռակիտիչը, իսկ 41-րդ րոպեին Խոսե Սանչես Մարտինեսը ևս մեկ վիճելի որոշում կայացրեց՝ դաշտի տերերի դարպասին նշանակելով 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Նեյմարը:
Glad to see the new @FIFAcom implementing new rules allowing players to use their hands while playing. #Piqué #FIFA pic.twitter.com/kXYFfpzS52
— Mustafa (@Mustafa_Fakih) 20 марта 2016 г.
Երկրորդ խաղակեսում «Վիլյառեալի» ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 57-րդ րոպեին աչքի ընկավ Սեդրիկ Բակամբուն, իսկ 63-րդ րոպեին ինքնագոլ գրանցվեց Ժերեմի Մաթյոյի ակտիվում: Նշենք, որ «Վիլյառեալի» կազմում 8 ֆուտբոլիստ ստացավ դեղին քարտ, իսկ «Բարսելոնայի» կազմում՝ 4:
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 76 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 9 միավորով, իսկ «Վիլյառեալը» չորրորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 54 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Վիլյառեալ» – «Բարսելոնա»՝ 2:2
Գոլերը՝ Բակամբու 57′, Մաթյո 63’/ ինքնագոլ – Ռակիտիչ 20′, Նեյմար 41’/11-մետրանոց