Ր.Քարամյան. «Ուսանողական կառույցները բարեփոխման և իրենց գործառույթների առաջնայնության նորովի ընկալման խնդիր ունեն»

«Տարին բարդ էր ուսանողական խորհրդի համար: Բարդ այն իմաստով, որ տեղի ունեցավ սերնդափոխություն: Պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը’ համալսարանում իր ուսումնառությունն ավարտեց Ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը, փոխվեցին Ուսանողական խորհրդի նախագահության բազմաթիվ անդամներ: Այդուհանդերձ, պետք է նշել, որ ուսանողական խորհուրդը կատարել է իր առջև դրված խնդիրները»: Այս մասին ԵՊՀ խորհրդի նիստում ելույթ ունենալիս նշել է ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյան: Նա իր ելույթում մասնավորապես նշել է.

«Նախորդ տարիների համեմատ’ փորձել ենք առավել ակտիվ ներգրավված լինել կրթական բարեփոխումներում, ուսանողներին մանրամասն ներկայացնել Բոլոնիայի գործընթացը, նախկին համակարգից նորին անցնելու հետ կապված խնդիրներն ու դրանց նրբությունները: Հաշվետու ժամանակաշրջանը մեզ համար կարևոր է եղել հատկապես ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումների քանակի ավելացմամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանի հետ ունեցած չկարգավորված հակամարտությունը ամեն պահ կարող է մեր հայրենիքի դեմ ուղղված նոր ռազմական արկածախնդրության վերածվել, ուստի մենք շարունակելու ենք ռազմահայրենասիրական միջոցառումների շարքը, առավել ակտիվ ենք աշխատելու Հայաստան-Արցախ երիտասարդական-ուսանողական կապերի խորացման, բանակ-ուսանողական կազմակերպություններ հարաբերությունների զարգացման ուղղություններով:

Բազմիցս խոսվել է, որ մեր երկիրը, հարուստ չլինելով համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկ վայելող էներգակիրներով և նմանատիպ այլ օգտակար հանածոներով, պետք է գիտելիքահեն տնտեսություն ունենա: Այս առումով, մեծ է ուսանողության’ որպես ապագա Հայաստանի մասնագետների դերակատարությունը: Զարգացած և ապահով Հայաստանը մենք պետք է այսօր կառուցենք’ լավ սովորելու, հնարավորինս շատ գիտելիքներ կուտակելու և մասնագիտական ունակություններ ձեռք բերելու ճանապարհով: Մենք նաև գիտակցում ենք, որ ուսանողական կառույցները բարեփոխման և իրենց գործունեության վերանայման, գործառույթների առաջնայնության նորովի ընկալման խնդիրներ ունեն: Այսուհետ, մեր առաջնային նպատակն ու գործառույթն ենք համարում բարձրորակ ու մրցունակ կրթություն ստանալու և ազգային-հայրենասիրական ու նորարարական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող ուսանողի համար առավելագույնս բարենպաստ պայմանների ստեղծումը, խթանիչ միջոցառումների կազմակերպումն ու այս գաղափարների տարածումը:

Արագ փոփոխվող աշխարհն իր հետ բազմաթիվ մարտահրավերներ է առաջ բերում և տեխնոլոգիական դարաշրջանը մեզ ստիպում է վերանայել մեր կառույցի գործունեության ոչ միայն իրավակազմակերպչական, այլ նաև’ գաղափարական հիմքերը: Որպես ամենամեծ ուսանողական համայնքի ինքնակառավարման մարմին’ Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր առջև հավակնոտ նպատակ է դրել’ մեկ տարվա ընթացքում մշակել և հաջորդ խորհրդի նիստին Ձեր դատին ներկայացնել «Ուսանողական ինքնակառավարման զարգացման» ռազմավարությունը, որը հնարավորություն կընձեռի շարունակական աշխատանքի և արդյունավետ սերնդափոխության համատեքստում ապահովել հայ ուսանողի գիտակրթական, հոգևոր-մշակութային, և գաղափարապես կայուն դերը ժամանակակից Աշխարհում:

Մեծարգո պարոն նախագահ,
Երևանի պետական համալսարանի ուսանողական համայնքի անունից ցանկանում եմ ասել, որ մենք անչափ կարևոր ենք համարում Ձեր առաջ քաշած գաղափարների իրականացումը և որպես ապագա մասնագետներ այսօրվանից պատրաստակամություն ենք հայտնում լծվելու «Ապահով Հայաստան» տեսլականի իրականացման գործին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում