Ս.Սարգսյան. «Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետևողական»
Նմանատիպ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
Սերժ Սարգսյանը խոսել է 2012թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է բյուջեի՝ լիովին կատարված ցուցանիշներով, ինչի անհնարինության մասին ողջ տարվա ընթացքում ի լուր աշխարհի հայտարարում էին հոռետեսները:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել գործարարներին ոչ միայն ընթացիկ աշխատանքի, նախաձեռնությունների և դրանց արդյունքների, այլ նաև տարվա ընթացքում համագործակցության, տարբեր իրավիճակներում՝ պետության և մեր ժողովրդի առջև ծառացած նոր մարտահրավերներին հավուր պատշաճի արձագանքելու համար: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այս տարի չափազանց առատ բերք է եղել, և վերամշակող ընկերությունները, ականջալուր լինելով իշխանությունների հորդորներին, արել են ամեն ինչ, որպեսզի գյուղացու աշխատանքը ջուրը չթափվի, մթերել են ռեկորդային քանակությամբ միրգ ու բանջարեղեն’ միաժամանակ մեծ ջանքեր գործադրելով իրացման նոր շուկաներ ու նոր պայմանագրեր ձեռք բերելու համար:
«Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետևողական: Մեր նպատակն է, որ տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը պետք է լինի առարկայական, տեսանելի ու շոշափելի’ երկիրը գործարար միջավայրի դյուրինությամբ ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում: Հետևողականորեն շարունակելու ենք զարգացնել և արդիականացնել հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը:
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր նոր տարին լինի նախորդից ավելի արդյունավետ, լինի առանց սոցիալական ու քաղաքական ցնցումների և ավելացնի բարիքները մեր երկրի ու ժողովրդի համար: Ապագայում ևս շարունակվելու են կառավարություն-բիզնես երկխոսությունն ու համագործակցությունը: Այստեղ մենք արդեն ունենք դրական փորձ և զգալի արդյունքներ: Այդ արդյունքները պետք է ամրապնդվեն, իսկ համագործակցությունը պետք է խորանա և նոր լիցք ստանա:
Հարգելի՛ գործարարներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի առթիվ և մաղթում անձնական հաջողություններ, հաջողություններ՝ ձեր աշխատանքում, քանի որ ձեր աշխատանքից է կախված տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների բարեկեցությունը: Ձեր հաջողություններով է պայմանավորված, անշուշտ, մեր երկրի հետագա զարգացումը:
Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդ»,-գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում