Առաջին իրական քայլը Հայաստան- Իրան երկաթուղու կառուցման գործում
Նմանատիպ
Այսօր կառավարությունը որոշում ընդունեց վերաբաշխում կատարել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեում, պայմանավորված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲ ընկերության կարողությունների զարգացման անհրաժեշտությամբ:
Ընկերությունը ստեղծվել էր դեռ 2009 թվականին Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի իրականացման համար:
Այս տարվա հունվարին Իրանի Իսլամական Հանրապետության հետ կայացած երկկողմ քննարկման արդյունքում նախատեսվում է Իրանի համապատասխան մասնագետների այց Հայաստան՝ երկաթուղու շինարարության ծրագրի ընթացքի, դրա տեխնիկական իրականացման վերլուծության համար անհրաժեշտ մանրամասն տեղեկատվության ստացման, կարծիքների փոխանակման և հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
Նկատի ունենալով, որ Չինաստանից բացի հարավային երկաթուղու կառուցումը ակտիվորեն քննարկվելու է նաև Իրանի հետ և ընկերության աշխատանքի ծավալները զգալիորեն աճելու են, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարության աշխատակազմի մասով)» ծրագրից 6 մլն 276 հազար դրամն ուղղել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում» ծրագրին՝ խորհրդատվական-իրավաբանական, գործուղման ծախսերի իրականացման և սարքավորումներով հագեցման նպատակով:
Հաշվի առնելով Հայաստան-Իրան երկաթգծի տնտեսական նշանակությունն ու կարևորությունը, նպատակահարմար է համարվել ՀՀ տրանսպորտային տեսչության տարածքային ստորաբաժանումների համար 2016թ տարածքներ վարձակալել միայն 5 մարզկենտրոններում, իսկ մյուս մարզկենտրոններում 2016թ. տարածքների վարձակալումը հետաձգել և դրա արդյոնքում ազատված գումարն ուղղել վերոհիշյալ նպատակների իրագործմանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Իրան երկաթուղու հայկական հատվածի երկարությունը նախատեսում է ավելի քան 300 կմ. երկաթգծի կառուցում, որը հագեցած է լինելու բազմաքանակ ինժեներական կառույցներով: Առկա տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն, երկաթգծի մեկ կիլոմետրի կառուցման միջին արժեքը կազմում է 10.5 մլն դոլար:
Հայտնի է, որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ձգձգումը պայմանավորված է նախագծի ծախսատարությամբ և ֆինանսավորման բացակայությամբ: Երկաթու կառուցման շուրջ հնարավոր համագործակցության քննարկումը մեկ քայլ առաջ է նախագիծը իրականություն դարձնելու գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում