Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծննդյան տոնը

Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծննդյան տոնը: Նախօրեին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն իր աշխատասենյակի պատուհանագոգին վառել է խաղաղության մոմը, որը խորհրդանշում է խաղաղության ձգտումն ամբողջ աշխարհում:

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներն այս քայլը ողջունել են ծափահարություններով: Մինչ այդ հրապարակում կայացել է ավանդական պրեզեպեի (presepe)՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան տեսարանը ներկայացնող մակետի բացումը: Խաղաղության մոմը վառելու և պրեզեպե տեղադրելու ավանդույթը 1980-ականների սկզբին հիմնադրել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը:

Սուրբ պատարագի ժամանակ Բենեդիկտոս 16-րդն աշխարհին ազդարարել Է Փրկչի գալուստը: Պապն աղոթել Է հանուն այն բանի, որ «իսրայելցիները ու պաղեստինցիները կարողանան ապրել հաշտ՝ Աստծո հովանու ներքո և ազատության գրկում»: «Մենք աղոթում ենք նաև հանուն խաղաղության հարևան երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում»,- ասել Է նա: Պապը հույս Է հայտնել, որ Սուրբ Հողի քրիստոնյաները կկարողանան պահպանել իրենց կացարաններն այդ տարածաշրջանում, և փոխըմբռնում կհաստատվի իրենց ու մահմեդականների միջև:

Նշենք, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին’ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում