«ՊՍԺ»-ից և «Բավարիայից» մինչև Կյուրասաո | Ու՞մ են մարզում «Բարսելոնայի» վետերանները

«ՊՍԺ»-ից և «Բավարիայից» մինչև Կյուրասաո | Ու՞մ են մարզում «Բարսելոնայի» վետերանները

Հիշենք «Բարսելոնայի» այն ֆուտբոլիստներին, ովքեր կարիերայի ավարտից հետո որոշել են մարզչական գործունեություն ծավալել:

Աբելարդո Ֆերնանդես

Աբելարդոյի կյանքում 3 ակումբ է եղել. «Սպորտինգում» նա սկսեց խաղալ, «Ալավեսում» ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, «Բարսելոնայում» անցկացրեց լավագույն տարիները: Կատալոնացիների այսօրվա մարզչի հետ նրանք ոչ միայն թիմակիցներ են եղել, այլև մանկության ընկերներ, սակայն եթե Լուիս Էնրիկեն միանգամից ու կտրուկ բարձրացավ մարզչական կարիերայի գագաթը, ապա Աբելարդոն բարձրանում-իջնում է փառքի աստիճաններով: 2014-ին նա գլխավորեց «Սպորտինգը» և մեկ մրցաշրջանում թիմին Սեգունդայից Պրիմերիա հասցրեց:

Լուիս Էնրիկե

Էնրիկեն ֆուտբոլիստի կարգավիճակում ևս հաջողակ էր, հիմա էլ նույնպիսի մարզիչ է դարձել: Խիխոնցին ազգային գլխավոր երեք մրցանակները մեկ անգամ չէ, որ նվաճել է թե՛ «Ռեալի», թե՛ «Բարսելոնայի» կազմերում: Մինչև «Բարսելոնայի» ղեկին անցնելը նա աշխատել է երկրորդ թիմում, «Ռոմայի» և «Սելտայի» հետ: Անցյալ տարվա ընթացքում 5 տիտղոս նվաճելն ինքնին խոսում է այս մարզչի մասին:

Խրիստո Ստոիչկով

Կրույֆի «Բարսելոնայում» հարձակվողների մահացու եռյակ կար. Ստոիչկովը ձախից, Լաուդրուպը՝ աջից, իսկ Ռոմարիոն՝ կենտրոնում: Նրանցից երկուսը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո մարզչական աթոռներին տեղավորվեցին, բայց մինչև այսօր միայն դանիացին է հաջողության հասել: Նրա խաղընկերը ոչ մի ակումբում երկար աշխատել չկարողացավ: Տարիներն անցնում են, բայց Խրիստոյի մարզչական կարիերան հաջողություններով աչքի չի ընկնում:

Խոսե Մարիա Բակերո

1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին Բակերոն «Բարսելոնայում» ո՛չ տեխնիկապես ամենահզորն էր, ո՛չ ամենանրբանկատը, ո՛չ էլ հակառակը՝ ամենակոպիտը, սակայն Կրույֆն ավագի թևկապը նրան վստահեց: Բակոյի մարզչական կարիերան այնքան էլ հաջողված չէ, իսկ վերջերս ձգտում է դեպի էկզոտիկան. սզբում նրան Պերուի քամիները քշեցին, ապա՝ Վենեսուելայի: Այժմ նա աշխատում է Լա-Գուայրայի «Դեպորտիվոյում»:

Լորան Բլան

Ֆրանսիացին 1990-ականներին ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց «Կամպ Նոու» մարզադաշտում, բայց այնտեղից դատարկ չհեռացավ, հասցրեց 3 տիտղոս նվաճել: Բլանն այն բացառիկ դեպքերից է, երբ մեծ ֆուտբոլիստը մեծ մարզիչ է դառնում: «Բորդոյում» և «ՊՍԺ»-ում աշխատելու տարիներին Բլանը 9 առաջնությունում է հաղթել, և դա դեռ ամենը չէ: Նա  50 տարեկան է՝ այս մասնագիտության համար ծաղկուն շրջան:

Ալբերտ Սելադես

Սելադեսի պատմությունը յուրահատուկ է: Այն ցույց է տալիս, թե ինչպես առանձնապես աստղային կարգավիճակ չունեցող ֆուտբոլիստը կարողացավ Իսպանիայի երկու հզորագույն թիմերի կազմերում խաղալ ու մի շարք տիտղոսներ նվաճել: Սելադեսի մարզչական կարիերան համեմատաբար համեստ էր. Իսպանիայի երիտասարդական հավաքականից վեր Ալբերտը դեռ չի բարձրացել, սակայն հեռանկար ունի…

Ֆիլիպ Կոկու

Կոկուն «Կամպ Նոու» մարզադաշտում 7 հիանալի մրցաշրջան է անցկացրել, թիմին առաջնորդել ավագի թևկապով, բայց մարզչական կարիերան նախընտրել է հայրենիքից դուրս կերտել: 2010 թվականի Մունդիալի ժամանակ, երբ Հոլանդիան արծաթ նվաճեց, Ֆիլիպն օգնում էր Բերտ վան Մարվեյկին: Երկրորդ պլանում աշխատել սկսեց ՊՍՎ-ում: Վերջին 4 տարիներին Կոկուն Էյնդհովենի ակումբն է գլխավորում և աշխատանքը հաջողությամբ է կատարում:

Ալբերտ Ֆերեր

Կարճահասակ պաշտպանը 8 տարի հսկեց «Բարսելոնայի» աջ թևը, ապա հանդես եկավ «Չելսիում»: Կարիերան ավարտելուց հետո մի քանի տարի Ալբերտը փորձում էր գտնել իր տեղը կյանքում: Երկար ժամանակ որպես մեկնաբան աշխատելուց հետո 2010-ին առաջին անգամ փորձեց մարզչական աշխատանք կատարել: Նրան դուր եկավ: «Վիտեսից» հետո Ֆերերն ընդունեց «Կորդոբան» և դարձավ վերջին 42 տարիների առաջին մարզիչը, ով թիմին առաջնորդեց դեպի Պրիմերա: 2015-ին Ալբերտն աշխատանքի անցավ «Մալյորկայում», բայց այնտեղ երկար չմնաց: 

Ֆրանկ դե Բուր

Դե Բուր եղբայրներն ամբողջ կարիերայի ընթացքում ակումբից ակումբ տեղափոխվեցին, բայց նոր աշխատանքում Ֆրանկն ավելիին հասավ: «Այաքսում» նրա տեղն արդեն ամրագրված է: Ֆուտբոլ խաղալու տարիներին նա 5 անգամ Հոլանդիայի չեմպիոն է դարձել, 4 անգամ էլ դա արել է մարզչի կարգավիճակում: Ռոնալդն ամստերդամցիների թարմ հաջողություններին անմասն չի մնացել, բայց միայն մարզչի օգնականի կարգավիճակում:

Պեպ Գվարդիոլա

Գվարդիոլայի տիտղոսներն ու մրցանակները թվարկելը թերևս անիմաստ է: Ակումբային մակարդակում Պեպը թե՛ մարզչի, թե՛ ֆուտբոլիստի կարգավիճակում հասել է այն ամենին, ինչին հնարավոր է: «Բարսելոնայում» և «Բավարիայում» Գվարդիոլան բավարարել է իր ձգտումներն ու հիմա նրան Անգլիան է աչքով անում, մասնավորապես՝ «Մանչեսթեր Սիթին»…

Պատրիկ Կլյուվերտ

Կանաչ դաշտում Կլյուվերտը մրցակցի դարպասին միշտ կարճ ճանապարհով էր հասնում, իսկ մարզչի կարգավիճակում ավելի իմաստուն քայլերին է նախապատվություն տալիս: Մինչև վերջերս Պատրիկը սահմանափակվում էր օգնականի աշխատանքով: Ինքնուրույն առաջին քայլերը կատարեց «Տվենտեում», իսկ ավելի հասուն քայլերը… ուշադրություն՝ Կյուրասաոյի հավաքականում: Եթե կա մի բան, որ Չեմպիոնների լիգայի հաղթողին չես մերժի, օրիգինալությունն է: Էլ ո՞վ կարող է հպարտանալ այդպիսի արտառոց աշխատավայրով:

Ռոնալդ Կուման

Չեմպիոնների լիգայի 1992-ի եզրափակչի լեգենդար գնդակի հեղինակն անցյալ դարի վերջում սկսեց աշխատել «Բարսելոնայի» և Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Կումանի անվան դիմաց նաև «Այաքսն» է, «Բենֆիկան», ՊՍՎ-ն, «Վալենսիան», «Ֆեյենորդը»: Հիմա Ռոնալդը «Սաութհեմփթոնին» է Պրեմիեր լիգայի բարձունքն առաջնորդում, ինչը վատ չի ստացվում:

Մանուել Լաուդրուպ

Ֆուտբոլիստ Լաուդրուպի կարիերայում մի շարք բարձրակարգ ակումբներ կային՝ «Յուվենտուս», «Լացիո», «Բարսելոնա», «Ռեալ», «Այաքս»: Մարզիչ Լաուդրուպն այդքան դեռ չի բարձրացել. «Բրոնդբյուի» հետ Դանիայի ոսկին է նվաճել, «Լեհվիեի» հետ՝ Քաթարի, բայց ինքներդ եք հասկանում, որ այդ մակարդակը չէ: Անգլիական լիգայի գավաթը ևս աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսը չէ, բայց եթե հաշվի առնենք, թե Միկելն այն ում հետ է նվաճել, պետք է գլուխ խոնարհել նրանց առաջ. վերջին շրջանում «Սուոնսին» ավելի բարձր տիտղոս պարզապես չի ունեցել…

Խուան Անտոնիո Պիցցի

Ինչպես հարիր է բարձրակարգ հարձակվողին, նա ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվում: Իսպանիայի հավաքականն ուժեղ հարձակվողների պահանջ էր զգում, իսկ արգենտինացի Պիցցին քաղաքացիությունը փոխելու դեմ ոչինչ չուներ: «Կարմիր ֆուրիայի» շնորհիվ Խուան Անտոնիոն մասնակցեց Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին: Մարզիչ դառնալով` Պիցցին հաճախ փոխեց աշխատավայրը. 47 տարում արգենտինաիսպանացի մարզիչը 8 ակումբներում աշխատեց, իսկ վերջերս հասավ Չիլիի հավաքականի ղեկին:

Սերժի Բարխուան

Սերժին հիանալի կարիերա է կերտել «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում: Որպես ֆուտբոլիստ առաջին քայլերն արել է կատալոնացիների «կանտերայում», հետագայում այնտեղից էլ սկսել է մարզչական կարիերան: Այն ժամանակ, երբ Լուիս Էնրիկեն մարզում էր ակումբի երկրորդ թիմը, Սերժին ավելի կրտսեր խմբի հետ էր աշխատում: «Լա Մասսիայի» հրապարակից նա մեկնարկեց «Ռեկրեատիվոյում», ապա աշխատեց «Ալմերիայի» հետ, ու ինչպես կարելի է ենթարդել՝ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ էլ առանձնակի ձեռքբերումներով:

Կարդացեք նաև՝ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում