«Առավոտ». ՀԱԿ-ը պետք է կամ սատարի Բագրատյանին, կամ առաջ քաշի որևէ այլ թեկնածու
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Դեկտեմբերի 14-ին’ այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծաոուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, ՀԱԿ-ի քաղխորհուրդը նիստում քննարկեց ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է’ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, և այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»:
Այսինքն՝ տեղի ունեցավ դրական մի երևույթ [ենթադրաբար, ՀԱԿ-ի իմաստուն մարտավարության շնորհիվ], մահացու հարված հասցվեց ռեժիմին, որից հետո մնում էր մի հատ փչել, և ռեժիմը կընկներ: Դրան հաջորդած 10 օրերի ընթացքում ՀԱԿ-ի գործիչները բազմիցս վստահություն են հայտնել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի և կիրականացնի իշխանափոխություն: Ավելին’ դեռևս շաբաթ օրը’ ՀՀՇ համագումարից հետո, այդ կուսակցության ղեկավարը լրագրողներին ասաց, թե հակված է մտածել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ Աժ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ավելի կտրուկ էր. «Եթե դուք Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից հետո էլ գլխի չեք ընկել’ Տեր- Պետրոսյանն առաջադրվելու է, թե ոչ, վատ է: Կասկած չունեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի» (yerkir.am):
Վերը թվարկած մարդիկ չեն պատկանում «ներ-ՀԱԿ-ական այլախոհների», «դավաճանների» և, այսպես ասած, «գծից դուրս» գտնվողների շարքին: Նրանք աոաջին նախագահի մոտիկ շրջապատից են, նրա հավատարիմ զինակիցները: Բայց նրանց էլ Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր պահել իր ծրագրերի մասին և առանձնապես մտահոգված չէր, թե որքանով ծանրակշիռ կլինեն այդ գործիչների կանխատեսումները:
Հետևաբար, վիճահարույցը ոչ թե չառաջադրվելն էր’ դա իսկապես ճիշտ և ազնիվ որոշում էր: Վիճահարույցը timeing-ն էր, ժամանակացույցը և դրան նախորդած խորհրդավոր լռությունը: Իմ ընկալմամբ’ Կոնգրեսի, նրա լիդերների, նրա ակտիվիստների, համակիրների համար շատ ավելի օգտակար կլիներ այս տարվա սեպտեմբերի 1-ին հավաքել այդ նույն զինակիցներին և ասել. «Սիրելի ընկերներ, 2013 թվականի հունվարի 9-ին ես դառնում եմ 68 տարեկան, այդ տարիքում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ նույն եռանդով, ինչ 45-60 տարեկանում: Ես առաջարկում եմ Ձեզ’ գնալ շրջաններ, հանդիպել ժողովրդի և ՀԱԿ-ի կողմնակիցների հետ ու տեսնել’Ձեր 7 հոգուց ով կարող է կայանալ որպես ընդդիմության առաջնորդ, որից հետո էլ ես նույն հարցով կասեմ իմ կարծիքը»: Այդպիսով ընդդիմությունը կլիներ ավելի կենսունակ, քան այսօր: Փոխարենը ընտրվեց ԲՀԿ-ի հետ գաղտնի բանակցությունների և «գորգի տակ» իրար կծելու ճանապարհը:
Հիմա էլ ուշ չէ: ՀԱԿ-ը պետք է կամ սատարի Բագրատյանին, կամ առաջ քաշի որևէ այլ թեկնածու: Եվ առաջին նախագահն էլ իր հեղինակությամբ պետք է պաշտպանի այդ մարդուն: Որպեսզի Կոնգրեսի երիտասարդ կողմնակիցները քվեաթերթիկներում «Տեր-Պետրոսյան» չգրեն: Պետք չէ անվավեր քվեաթերթիկներով հեշտացնել իշխանությունների գործը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում