Արթուր Վարդանյանը մերժել է Սերժ Սարգսյանի մահափորձի միտքը. թիրախում եղել են ՀՀ երեք նախագահներին առնչվող օբյեկտները
![Արթուր Վարդանյանը մերժել է Սերժ Սարգսյանի մահափորձի միտքը. թիրախում եղել են ՀՀ երեք նախագահներին առնչվող օբյեկտները](https://times.am/v3/wp-content/uploads/2016/03/eb287778f4d9914c77cd64a2f363c918.jpg)
Նմանատիպ
Երևանում 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված հանցախմբի գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արթուր Վարդանյանի գլխավորած խմբավորման թիրախում եղել են Հայաստանի երեք նախագահներին առնչվող օբյեկտները: Մասնավորապես՝ խումբը տեսագրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի առանձնատուն- նստավայրը և դրա մատույցները, Ռոբերտ Քոչարյանի դեպքում տեսանկարահանվել է «Էրեբունի պլազա» հյուրանոցը, երրորդ՝ փորձել է արվել վերահսկել գործող նախագահի թիկնազորի աշխատանքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը` ներկայացնելով նախաքննության որոշ տվյալներ:
«Գործող նախագահին Արթուր Վարդանյանը և խմբի անդամները հետևել են Գյումրիում սեպտեմբերին տեղի ունեցած Կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը և գաղտնի կերպով տեսանկարահանել Սերժ Սարգսյանի ժամանման արարողությունը: Արթուր Վարդանյանն աննկատ մնալու համար կրել է հոգևոր երգչախմբի մասնակցի հագուստ», -մանրամասնեց նա:
Այս համատեքստում Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ զինված հանցախմբի կողմից ՀՀ Նախագահի մահափորձ ծրագրված չի եղել, բայց քննարկումներ և առաջարկներ եղել են, այդ թվում՝ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելու ժամանակ ինքնաթիռի խոցման տարբերակով, սակայն Արթուր Վարդանյանի կողմից դրանք մերժվել են՝ հեղաշրջման նպատակի իրականացման համար թիրախավորելով պետական ինստիտուտները՝ ՀՀ նախագահի նստավայր, Ազգային ժողով, Կառավարություն, Հանրային հեռուստատեսություն, որը նոթատետրում նշված է եղել «Էյֆել» անվամբ: Ընդ որում, եղել է հստակ դերաբաշխում, թե խմբի որ անդամը որ ուղղությամբ է գնալու, ինչ զենք է հատկացվելու: Ավելին, Երևանի քարտեզի վրա նշված են եղել այն խաչմերուկների, կամուրջների հատվածները, որտեղ խցանումներ պետք է ստեղծեին, որպեսզի համապատասխան կառույցները ժամանակին օգնության չհասնեին:
Զինված հանցախումբն ընդհանուր առմամբ տեղեկություններ է հավաքագրել մոտ 147 պաշտոնատար անձի, գործարարի, քաղաքական գործչի վերաբերյալ, ուսումնասիրել են, թե նրանց բնակատեղիի, աշխատավայրի շինության որ հատվածներում կան տեսախցիկներ, որտեղ՝ ոչ: Նշված անձանց թվում են ԱԺ բոլոր պատգամավորները, Նախախորհրդարանի անդամները:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը, Արթուր Վարդանյանը նույնիսկ վաղօրոք տեսաուղերձ է պատրաստել, որը հեղաշրջումից հետո պետք է հեռարձակվեր Հանրային հեռուստատեսության եթերով, նախապատրաստված է եղել նաև հեղաշրջման հաջորդ օրը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպում «Մարիոթ» հյուրանոցում:
Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում պարզվել են խմբի մոտ հայտնաբերված զենքի, հանդերձանքի ձեռքբերման աղբյուրները, դրանց համար վճարված գումարի չափը. զենքերը հիմնականում եղել են դեռևս արցախյան ազատամարտի տարիներից պահպանված, 90-ական թվականներին հափշտակված զենքեր են եղել ռուսական ծագմամբ, իսկ խմբի հեղաշրջման ծրագրի իրականացման համար հատկացվել է 65.000 ԱՄՆ դոլար: Ֆինանսավորման աղբյուրը հայաստանցի է, որը գործով մեղադրյալ է: Նրա անունը ԱԱԾ պաշտոնյան չհրապարակեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում