«Պոլիտշկոլաների» դեմ պայքարող Աշոտ Նավասարդյանը դեմ չէր լինի ՀՀԿ քաղաքական դպրոցի՞ն
Նմանատիպ
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց հիմնելով Հանրապետականը փորձում է բարելավել կուսակցության անդամների, համակիրների կազմակերպչական և ինտելեկտուալ կարողությունները, երևան բերել քաղաքագիտական նոր միտք և մտածողություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ գաղափարը ծաղրողներին հիշեցնելով, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական ուժերն ունեն իրենց քաղաքական կենտրոնները, քաղաքական դպրոցի ավանդույթներ կան նաև հետխորհրդային երկրներում:
Քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես կուսակցության համապատասխան թեմաներին և ոլորտներին տիրապետող անդամները, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, որոնց քաղաքական պատկանելիությունն ըստ Աշոտյանի, երկրորդական է այս դեպքում: Աշոտյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր գործիչների շարքում կան այնպիսիք, որոնցից սովորելու շատ բան կա, դպրոցում դասախոսելու ենթականերից սակայն տրվեց միայն Ստյոպա Սաֆարյանի անունը, որին Աշոտյանն անձամբ է հրավիրելու: Չի բացառվում, որ արտասահմանյան պատվիրակություններից ևս պարբերաբար դասախոսություններ ունենան:
Այս մտքի ֆոնին Աշոտյանն արձագանքելով լրագրողների «մտահոգություններին», վստահեցրեց՝ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը չեն դասավանդի ՀՀԿ-ի անվճար ուսուցմամբ դպրոցում: Ի դեպ, Աշոտյանն ինքն էլ կարող է դասավանդել, նրան է վերապահված նաև կազմակերպչական խնդիրների լուծումը: Ասում է, որ սա չի արվում, որպեսզի ինքը գործազուրկ չմնա, քանի որ աշխատանք ունի. երգեր է գրում և հեռուստահաղորդում վարում:
Դիտարկմանը, որ ՀՀԿ հիմնադիրներից Աշոտ Նավասարդյանը պայքարել է «պոլիտշկոլաների» դեմ, որի հետ համամիտ է նաև ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ հայտարարելով, որ կուսակցական դպրոցը դիկտատուրա է, մինչդեռ «պոլիտշկոլաների» ժամանակն անցել է, Աշոտյանը պնդեց. «Դպրոց հիմնելու որոշումը գործադիր մարմնում է կայացվել և բնական է, որ ՀՀԿ խորհրդի գալիք նիստում, որի անդամ է պարոն Աղաբաբյանը, որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք: Պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն, ճիշտ հակառակը՝ կարծում եմ պետք է ուրախանաք, որ ՀՀԿ-ին հաջողվել է ունենալ քաղաքական պլյուրալիզմ»:
Աշոտյանը շարունակելով վստահեցրեց՝ Աշոտ Նավասարդյանը դեմ չէր լինի ՀՀԿ քաղաքական դպրոցի ստեղծմանը. «Նավասարդյանը ժամանակին պատրաստվել է Մարշալի ինստիտուտում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում