Կսահմանվեն անտառօգտագործման ազատ ռեժիմներ

Նմանատիպ
Նախօրեին կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ անտառային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագիծը միտված է պետական և համայնքային անտառներում հողային հարաբերությունները և անտառօգտագործման ոլորտները կարգավորող իրավական ակտերով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ մեխանիզմների կրճատմանը, պարզեցմանը: Մասնավորապես, առաջարկվում է՝հանել ՀՀ անտառային օրենսգրքով սահմանված առանց հողի վարձակալության կողմնակի անտառօգտագործման իրավունքը՝ անտառօգտագործման պայմանագիրը և անտառային տոմսը՝ նպատակ ունենալով վերացնելու գործող նորմի անկատարությունը ֆիզիկական անձանց մասով և խթանելու փոքր բիզնեսին՝ ազատ ռեժիմով ոչ բնափայտային մթերումներ կատարելու համար.
-հանել բնափայտ մթերելիս պայմանագրի կնքման պարտադրությունը, բացառությամբ՝ արմատի վրա հատման ենթակա ծառուտի դեպքում` ծառուտի առուվաճառքի պայմանագրի դեպքից՝ պարզեցնելու և կրճատելու բնափայտի մթերման համար իրավունքի ստացման գործող գործընթացը.
-համապատասխանեցնել ՀՀ անտառային օրենսգրքում հողօգտագործման կարգավորման դրույթները ՀՀ հողային օրենսգրքի դրույթներին.
-նախատեսել ՀՀ անտառային օրենսգրքում պետական անտառային հողերի կառուցապատման իրավունքով, ինչպես նաև վարձակալության տրամադրման դրույթները:
Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 72-րդ հոդվածը, որը սահմանում է տուգանքի նշանակում ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ հավաքելու համար այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով:
Նախագծով առաջարկվող կարգավորումները քաղաքացիների և փոքր բիզնեսի համար կստեղծի անտառօգտագործման ազատ ռեժիմներ, պարզեցված բիզնես գործընթացներ, ինչով կկրճատվեն նրանց կողմից օգտագործվող ժամանակը և ծախսերը և էական աջակցություն ու խթան կհանդիսանա փոքր ձեռներեցության զարգացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում