Նախագահների հանդիպումը չկայացավ, քանի որ Ալիևը ասելիք չուներ, իսկ ԼՂ-ի անկախ լինելը նա վաղուց է ճանաչել
Նմանատիպ
ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում չկայացավ, որովհետև Իլհամ Ալիևն ասելքի չուներ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Իլհամ Ալիևի բոլոր գործողություները դուրս են այն տարամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների, միջազգային հանրության կողմից: Այդ տեսակետից նա իրոք ասելիք չուներ»,-ասաց նա:
Հարցին, թե չնայած ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված քննադատություններին, ամեն դեպքում Իլհամ Ալիևը բարձր ընդունելության արժանացավ` հանդիպելով պետքարտուղար Ջոն Քերիի հետ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ բարձր ընդունելություն կլիներ, եթե նրան ընդուներ նախագահը կամ փոխնախագահը. միջազգային հարաբերություններում ամեն ինչ սև ու սպիտակ չէ:
Ըստ նրա` իրականում Ալիևի վարչակարգի ուղղությամբ լուրջ ճնշում կա` կապված, թե երկրի ներսում մարդու իրավունքների ոտնահարման, թե ԼՂ հարցի կարգավորման տորպեդահարման հետ, որով վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Այս տեսակետից Ադրբեջանը գտնվում է ճնշման տակ, բայց Շավարշ Քոչարյանի խոսքով, դա ենթադրում է որոշակի մակարդակում հարաբերությունների պահպանում:
«Այն, թե ինչ են խոսել Ալիևն ու Քերրին, իհարկե, մենք չենք կարող իմանալ, բայց պետք է մի բան արձանագրել՝ հանդիպումից հետո կրկին Ալիևը պահը չկորցրեց և աղավաղեց միջազգային իրավունքն ու հարցի էությունը, որից տպավորություն ես ստանում, որ այդ անձը կարծում է, թե իր մոտեցումներն ավելի վեր են, քան միջազգային իրավունքը՝ մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությունը: ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլուխը նվիրված է հենց այդ կազմակերպության նպատակներին: Այնտեղ 4 նպատակ է սահմանված՝ 4-րդ նպատակը խոսում է ՄԱԿ-ի դերի մասին, մյուսը խաղաղության պահպաման, հաջորդը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը հարգելու և վերջինը` բոլոր ոլորտներում համագործակցության մասին: Երկրորդ գլուխը խոսում է այն սկզբունքների մասին, որոնց վրա հիմնվելով պետք է անդամ պետությունը հետամուտ լինի առաջին գլխում գրված սկզբունքներին: Ահա այստեղ է, որ ի հայտ է գալիս նաև տարածքային ամբողջականության հարցը, բայց տարածքային ամբողջականությունը, լինելով առանձին վեցրած սկզբունք, երբեք չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին: Ավելին դա հասատատեց միջազգային դատարանը, երբ Կոսովոյի հարցով կայացրեց իր վճիռը: Բայց Ալիևի համար այդ բոլորը նշանակություն չունի, նա շարունակում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Քերրի հայտարարությանը, որ ԱՄՆ-ն ցանկանում է ԼՂ հարցի վերջնական կարգավորում, ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ այսօր հակամարտության կարգավորման մեկ փաստաթուղթ գոյություն ունի՝ Մադրիդյան սկզբունքները, և որ կարող էր Կազանում հաստատվեր բուն փաստաթուղթը, որը հանգեցնելու էր հաշտության պայմանագրի կնքման, եթե Ադրբեջանը չտապալեր հանդիպումը: Այս համատեքստում Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն առնվազն որպես հակամարտության կողմ` ժամանակին բանակցելով Ստեփանակերտի հետ. «Այսօր ձևացնում է, թե չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, և դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկություն չունի գնալ բանակցային գործընթացի: Այն ժամանակ, երբ Բաքուն բանակցային կողմ կընդունի Լեռնային Ղարաբաղը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը գործընթացում առաջընթաց է ցանկանում»:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահվածքին, Շավարշ Քոչարյանն արձանագրեց, որ նրանք վերջին շրջանում անցել են հասցեական հայտարարությունների:
«Բայց մենք մի բան պետք է հիշենք՝ մեր հույսն առաջին հերթին մեզ վրա է, որչ միջնորդների, ոչ դաշնակցի, իհարկե, կարևոր է նրանց դերակատարումը, հատկապես, որ համանախագահող երեք երկրներն էլ հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ»,-շեշտեց Քոչարյանը՝ միաժամանակ պնդելով, որ Մինսկի խմբի ձևաչափը կփոխվի, եթե հայկական կողմից ևս նման ցանկություն լինի. «Ակնհայտ է, որ Բաքվին միայն մեկ միջնորդ է ձեռք տալիս` Թուրքիան: Ադրբեջանը դրան հասնելու համար փորձում է օգտագործել Գերմանիան, Իրանը, այլ պետություն: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի միջնորդությանը Հայաստանը միշտ դեմ է եղել և նման բան երբեք թույլ չի տա, քանի որ նրա մոտեցումները չեն տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումներից»: Այստեղ խոսելով փախստականների վերադարձից մադրիդյան փաստաթղթի շրջանակում, Շավարշ Քոչարյանն ընդգծեց՝ այստեղ ամրագրված է ձայների կշիռը. հայկական ձայները 75-76 տոկոս, ադրբեջանականը՝ 24-25:
Մարիամ Պետրոսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում