Ադրբեջանական կողմը մի քանի անհաջող փորձ է կատարել ներթափանցելու Արցախի տարածք. Դավիթ Բաբայան
Նմանատիպ
Ադրբեջանական կողմը փորձել է այսօրվա ընթացքում ևս մի քանի անգամ ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, բայց նրան չի հաջողվել, ընդհակառակը տվել է տասնյակ կորուստներ և ունի նաև 5 խոցված Տ-90 տանկ, որը շատ մեծ հարված է նրա համար: Ընդհանուր առմամբ` արդեն 2 տասնյակից ավելի տանկ է կորցրել ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Չնայած առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց ընդհանուր առմամբ`այն վերահսկելի է»,-ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ թշնամու ոտնձգությունները ճնշվում են բոլոր հնարավոր ձևերով:
Նա փաստեց, որ թե բնակչության, թե զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը բարձր է, որևէ խուճապ չկա, ինչը լավագույնս ապացուցվում է առաջնագիծ մեկնել ցանկացող կամավորների չդադարող հոսքով: «Կան դպրոցական տղաներ, նույնիսկ աղջիկներ, ովքեր գալիս են ու փորձում կամավորագրվել, իհարկե, նրանց չեն ընդունում թե տարիքի, թե այլ պատճառներով: Կան նաև երիտասարդ կանայք ու աղջիկներ, ովքեր պատրաստ են ծառայել, իհարկե, նրանց էլ չեն զորակոչում: Բայց սա ցույց է տալիս բարոյահոգեբանական վիճակը, որ որևէ վախ ու խուճապ չկա»,-նշեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ «այս պահին պաշտպանության բանակն ի վիճակի է սեփական ուժերով պաշտպանել հայրենիքի սահմանները»:
Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին Թալիշում ադրբեջանական դիվերսիոն խմբի վայրագությանը, երբ խոշտանգել ու սպանել էին տարեց բնակիչների իրենց տանը, Դավիթ Բաբայանը նկատեց, որ դա է մոլագար Ադրբեջանի իրական դեմքը: «Թալիշ է ներթափանցել ադրբեջանական դիվերսիոն խումբ, մտել է պատահական մի տուն, որտեղ ծեր մարդիկ էին, խոշտանգել ու սպանել է: Դա է սրանց ձեռագիրն ու հոգեկան վիճակը, որ տարեց մարդկանց, ովքեր ի վիճակի չեն իրենց պաշտպանել, խոշտանգում են և սպանում: Սա ֆաշիզմ է ու ահաբեկչություն, մենք գործ ունենք աննորմալ հակառակորդի հետ, նորմալ բանականությու ն ուենցողը չի կարող այդպիսի քայլ անել»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նկատեց, որ հազիվ էլ Ադրբեջանը դասեր քաղի ու զղջա իր արարքների համար` միաժամանակ նշելով, որ միջազգային հանրության բացթողումն է, որը պետք է ճնշի և պատասխանատվության հրավիրի այդ պետությանը: «Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը և ուժգին հակահարված ենք հասցնելու Ադրբեջանին»,-հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում