Հրատարակվել է «Լռության ձայնը 2. խոսում են Դիարբեքիրցի հայերը» աշխատությունը

«Հրանտ Դինք» հիմնադրամը հրատարակել է «Լռության ձայնը 2. խոսում են Դիարբեքիրցի հայերը» աշխատությունը, որը հիմնված է Դիարբեքիրի հայերի բանավոր պատմությունների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Bianet.org կայքին, գրքի շնորհանդեսը կայացել է «Ջեզայիր» սրահում գրքի կազմողներ Ֆերդա Բալանջարի, Բողազիչի համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Արզու Օզթյուրքմենի և Էմինե Քոլիվարի մասնակցությամբ: Գրքում պատմվում է 8 կնոջ և 8 տղամարդու պատմությունները: «Լռության ձայնը 2. խոսում են Դիարբեքիրցի հայերը» գրելու նպատակով գրքի կազմողները հանդիպել են Ստամբուլի 22, Դիարբեքիրի 16, Լիբանանի 9, Նյու Յորքի 9, Լոս Անջելեսի 4, Մոնրեալի 7, Տորոնտոյի 4, Երևանի 4 և Նյու Ջերսիի 3′ ընդհանուր առմամբ 81 դիարբեքիրցի հայերի հետ:

Գրքի հեղինակ Էմինե Քոլիվարը պատմել է, որ գիրքը Դիրաբեքիրի հայերին նվիրելու գաղափարն առաջացել է Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման արարողության ժամանակ հայերի մասնակցության աճը տեսնելուց հետո: Նա ընդգծել է, որ իրենք շարունակելու են ուսումնասիրել Անատոլիայի այլ շրջանի հայերի պատմությունները ևս:

Քոլիվարը նշել է, որ հայերից շատերին են հանդիպել, ովքեր եղել են Դիարբեքիրի կամ նրա շրջակայքի մահմեդականացված ընտանիքների ծնունդներ, մեծացել են որպես մահմեդական և հետո միայն բացահայտել են իրենց հայկական ինքնությունը: Դիարբեքիր հայերը իրենց բնակության տարածքում մշտապես ունեցել են հայկական համայքնի կողմից ընդունվելու խնդիր, ինչպես նաև շատ անգամ են խնդիրների բախվել սեփական հայկական ինքնության պատճառով:

Գրքի առաջին մասում, որը վերնագրված էր «Լռության ձայնը. խոսում են Թուրքիայի հայերը», ներկայացված էին Թուրքիայի տարբեր քաղաքներում ապրող հայերի հարցազրույցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում