Երկրապահ Կամավորների Միությունը կոչ է անում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Այսօր կայացել է ԵԿՄ վարչության և ակտիվի ընդլայնված նիստ, որտեղ ընդունվել է հայտարարություն 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրության կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը, հայտարարությունում մասնավորապես ասված է.

Գիտակցելով, որ անկախ ԼՂՀ անվտանգության երաշխավորը ժողովրդի միասնական կամքով ընտրված ՀՀ նախագահն է, հավատարիմ մնալով ԵԿՄ 9-րդ համագումարի հայտարարության ոգուն, որում մասնավորապես նշվում էր. «ԵԿՄ-ն Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները», փաստելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է իր ծրագրերի իրականացումը, ԵԿՄ վարչության և ակտիվի ընդլայնված նիստը

ՈՐՈՇՈՒՄ Է

ա) Կոչ անել ՀՀ ողջ ազգաբնակչությանը’ ակտիվորեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը. ազգի հավաքական քվեն ունեցող նախագահն է, որ կարող է լինել ուժեղ և ազգանպաստ լուծում տալ բարդագույն խնդիրներին:

բ) Դիմում ենք ԵԿՄ բոլոր անդամներին, մեր երկրապահ ժողովրդին’ ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ գործող նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր, ԵԿՄ անդամ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչով: Համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը կկառուցի մեր հազարավոր նահատակ ընկերների երազած Հայաստանը, ուր բարեկեցիկ կապրեն մեր սերունդները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում