Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին
Նմանատիպ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Երկրի ղեկավարին ուղեկցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ պաշտոնական անձիք:
Արդեն վաղը առավոտյան, ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում’ Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում