Հունվարի 6-ին ՀԱԵ-ն նշեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը. Այսօր մեռելոց է

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում’ Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին’ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ԳԱԱ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Ս. Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Ծննդյան հանդիսավոր Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը’ ամենքին փոխանցելով հրեշտակաբարբառ ավետիսը:

Իսկ այսօր Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակի օր, որը լինում է եկեղեցական բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերին:

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ անվանակոչությամբ, որը նվիրված է մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում