Քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտ են ներկայացրել ընտրական գրավը վճարած 7 թեկնածուներից 6-ը
Նմանատիպ
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) այսօրվա դրությամբ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտ են ներկայացրել ընտրական գրավը վճարած 7 թեկնածուներից 6-ը, այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և Արամ Հարությունյանին, ովքեր իրենց հայտերը ներկայացրել էին ավելի վաղ, միացել են նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը և Անդրեաս Ղուկասյանը:
Ընտրական գրավը վճարած մյուս թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը նման հայտ դեռ չի ներկայացրել:
Ինչ վերաբերում է ընտրական գրավը չվճարած թեկնածուներին, որոնց փաստաթղթերը կարգի բերելու, առկա թերությունները շտկելու և ընտրագրավը վճարելու համար ԿԸՀ-ն տրամադրելու է հավելյալ 48 ժամ ժամանակ, Հերմինե Հարությունյանը ասաց, որ այդ ժամկետը դեռ չի տրվել:
«ԿԸՀ-ն մոտ օրերս նիստ կգումարի ու ընտրագրավ չվճարած թեկնածուներին հնարավորություն կտրվի վճարելու անհրաժեշտ գումարը: Այդ ամենը կարվի մինչ հունվարի 14-ը, երբ ԿԸՀ-ն կհրապարակի նախագահի գրանցված թեկնածուների անունները»,- ասաց Հերմինե Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում