Մեր մանդատի մեջ չէր մտնում հետաքննել, թե ով է սկսել առաջինը և ով է պատասխանատու. Պոպով

Մեր մանդատի մեջ չէր մտնում հետաքննել, թե ով է սկսել առաջինը և ով է պատասխանատու. Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ չի մտել հետաքննել, թե ով է սկսել առաջինը և  ով է պատասխանատու  ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունների համար:

Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` նկատելով, թե կողմերը մտադիր են պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը:

«Հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է: Կա ըմբռնում, որ պետք է վերադառնալ քաղաքական քննարկումներին»,-նշեց նա` հավելելով, որ քննարկել են նաև կողմերի միջև վստահության վերականգնմանը վերադառնալու հարցերը: Համանախագահները քննարկումները կշարունակեն իրենց մայրաքաղաքներում, այնուհետև կհանդիպեն մեկ շաբաթից, դրանից հետո հնարավոր է, որ նորից այցելեն տարածաշրջան:

Իսկ այս պահին  ըստ Պոպովի, կարևոր է  զոհվածների  մարմինների վերադարձը, որով զբաղվում է ԿԽՄԿ-ն, իսկ դրա  կոորդինացիայով  դեսպան Կասպշիկի գրասենյակը:

Լրագրողների հակադարձմանը` ամեն դեպքում ձեզ համար որոշե՞լ եք, թե ով է ռազմական բախումների նախաձեռնողը, ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն կրկնեց ռուս գործընկերոջ ասածը` մեղավորին որոշելն իրենց մանդատի մեջ չի մտել:

«Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմներին, ապա մենք մի քանի տարի է դրա մասին խոսում ենք, որի ուղղությամբ կլինի մեր աշխատանքի շարունակությունը»,- եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում