Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց կոնկրետ որ ժամին և որտեղ է լինելու՝ կռահելը մի քիչ ավելի դժվար է. Մովսես Հակոբյան «Ազատություն»
Նմանատիպ
Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
«Ազատության» հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, և արդյո՞ք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարող է տևական լինել, Հակոբյանը արձագանքեց․ «Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ ևս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի» և հավելել. «Ինչքան կտևի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը և հայկական Զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ»:
Հարցին, թե հայկական ուժերին հաջողվեց կասեցնել այդ հարձակումը, սակայն հիմա արդեն քննադատական դիտողություններ են հնչում, թե ինչու հայկական կողմը չկարողացավ ժամանակին կանխատեսել այդ հարձակումը, ինչը հնարավորություն կտար կանխել այս կորուստները: Ի՞նչ ցույց տվեց այս պատերազմը ընդհանրապես, իսկապես, հնարավո՞ր էր կանխատեսել այս հարձակումը, թե՞ ոչ, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են և համապատասխան միջոցառումներ իրականացրել են»:
Խոսելով ապրիլի լույս 2-ի գիշերը սկիզբ առած մարտական գործողությունների մասին՝ նա ասաց․ «Այն, ինչ որ արդեն կատարվել է, որևէ գաղտնիք իրենից չի ներկայացնում, և դա հրապարակման ենթակա է: Հակառակորդը գործել է գաղտնի, գիշերը, դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադայի ուժերով և փորձել է գործել չորս ուղղություններով, երկու ուղղություններում հաջողություններ չի ունեցել և երկու ուղղություններում սկզբնական շրջանում ունեցել է հաջողություն, այնուհետև Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել և կանգնեցրել հակառակորդի առաջխաղացումը: Այս չորսօրյա պատերազմի ընթացքում մենք կարողացել ենք հակառակորդին կանգնեցնել և թույլ չտալ նրա մխրճումը մեր պաշտպանության խորքը»:
Մովսես Հակոբյանի հետ հարցազրույցը 10:00-ից
Հետևեք մեզ նաև Telegram-ում