Հրապարակվել է ՀՀ ընտրողների ցուցակը՝ ներբեռնման հնարավորությամբ

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին տեղեկացնելով, որ ընտրողների ցուցակում սեփական և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով հնարավոր է այցելել www.elections.am և www.police.am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ: Կայքերից հնարավոր է նաև ներբեռնել ցուցակները:

«Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո’ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ’ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:

www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում’ ներբեռնելու հնարավորությամբ:

Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում