Տարածաշրջանում Թուրքիան ստանձնել է կոնֆլիկտածին դերակատարություն. Լևոն Հովսեփյան

Տարածաշրջանում Թուրքիան ստանձնել է կոնֆլիկտածին դերակատարություն. Լևոն Հովսեփյան

Տարածաշրջանում Թուրքիան ստանձնել է կոնֆլիկտածին դերակատարություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նա, անդրադառնալով ղարաբաղյան զարգացումերի առնչությամբ թուրքական իշխանությունների հայտարարություններին, նշեց, որ Թուրքիան ակնհայտ հրահրում էր Ադրբեջանին:

«Թուրքիայից ամենաբարձր մակարդակով շտապ արձագանքներ եղան և ակնհայտ երևաց, որ պաշտոնական Անկարան անվերապահորեն խրախուսում էր Ադրբեջանի գործողությունները, թև ու թիկունք տալիս: Դա Ադրբեջանին ուղղված ուղերձ էր, և, կարելի է ասել, Ադրբեջանի ագրեսիվությունը պայմանավորված է նաև Անկարայի քաղաքական աջակցությամբ: Ակնհայտ է, այստեղ Անկարան գործում է Ադրբեջանի շահերից»,- ասաց Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքով, առաջիկայում բանակցային գործընթացի հետ կապված տեղեկատվական, դիվանագիտական դաշտում, միջազգային կառույցներում Անկարան շարունակելու է Հայաստանի դեմ իր քաղաքական ուղեգիծը: Այս առումով, ըստ թուրքագետի, Անկարայի դիրքորոշումը էականորեն հրահրող է:

«Այստեղ կա անհամատեղելիություն այն դերակատարության հետ, որն ունի Թուրքիան, որպես Մինսկի խմբի անդամ երկիր: Այս առումով պետք է խնդիր բարձրացվի և միջազգային կառույցներում դրվի այն հարցադրումը, թե ինչպես է հնարավոր, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ձևաչափում ներգրավված պետությունը հանդես է գալիս ռասիստական, Ադրբեջանին հրահրող հայտարարություններով: Թուրքիան տարածաշրջանում ստանձնել է կոնֆլիկտածին դերակատարություն»,-ասաց Լևոն Հովսեփյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան իրադարձությունների մասին թուրքական տեղեկատվական դաշտում տեղ գտած հրապարակումերին` թուրքագետը նշեց, որ սկզբում թուրքական մամուլը շրջանառում էր միայն ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը, ուրիշ ոչինչ: Դրանից հետո սկսվեցին տեղեկատվական գրոհները:

«Օրինակ, շրջանառվեց Նախիջևանի թեման, այնուհետև գրվեց, թե իբր Քրդստանի բանվորական կուսակցության զինյալները տեղափոխվել են Հայաստան և կռվում են Ադրբեջանի դեմ: Ինչ վերաբերում է փորձագիտական դաշտին, ապա որոշ ավելի ռացիոնալ փորձագետներ ռիսկեր էին առաջ քաշում տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից, սակայն ընդհանուր առմամբ հակահայկական տրամադրություններ էին տիրում: Ակնհայտ երևում էր Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանին»,-հավելեց թուրքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում