Ադրբեջանի դեմ միջազգային քրեական դատարան դիմելը խնդրահարույց է. Հռոմի ստատուտը և նա, և ՀՀ-ն չեն վավերացրել. Քննարկում (տեսանյութ)

Ադրբեջանի դեմ միջազգային քրեական դատարան դիմելը խնդրահարույց է. Հռոմի ստատուտը և նա, և ՀՀ-ն չեն վավերացրել. Քննարկում (տեսանյութ)

«18 հայ զինծառայողների մարմինները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանք» թեմայով քննարկմանը  Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեր կողմից միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելը որոշակիորեն խոչընդոտվում է, քանի որ հայկական կողմը չի վավերացրել Հռոմի ստատուտը, ուստի  այս պահին կարող ենք ՄԱԿ-ի միջոցով իրականացնել փաստերի հրապարակումն ու քննարկումը: Ի դեպ, վերջինը նկատեց` չի բացառվում, որ եղել են դեպքեր, երբ զինվորի մահը խոշտանգման հետևանքով է վրա հասել: 

ԱԺ Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ավելացրեց, որ Ադրբեջանը ևս չի ստորագրել Հռոմի ստատուտը, իսկ մենք ունենք նաեւ այլ հնարավորություններ՝ տրիբունաների ու հանձնաժողովների դիմելու հնարավորություն, ուղղակի պետք է ճշգրիտ արձանագրենք այդ փաստերը ու հետևողական լինենք.«Դիերի անարգանքի հետ կապված պետք է ունենանք փաստացի եզրակացություն՝ եղել է խոշտանգում ու հետո՞ մահ: Սա այլ մոտեցում է ու այս առումով պետք է հասնենք որոշակի արդյունքների»:

Հանդիպմանը ներկա «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Մարաղայի հարցերով, ճիշտ է, մինչեւ վերջ իրենք չկարողացան հասնել որոշակի հաջողությունների, սակայն կատարված փաստահավաք աշխատանքը ևս շատ կարևոր էր: Բացի այս, ըստ նրա գոյություն ունի պսեվդո-դատական մեխանիզմ.«Կան նաև քաղաքական ատյաններ, որտեղ խորհրդարանական պատվիրակությունը պիտի հասնի նրան, որ  Ադրբեջանին նկատմամբ պատժամիջոց կիրառվի, դա չպետք է լինի  լոկ խոստում, այլ իրականում վրա հասնեն: Դեռ երբեք ոչ մի պետություն 1948-ից հետո Ադրբեջանի նման այսպես ցուցադրական ու ակնհայտ կերպով իրեն չի հակադրել քաղաքակիրթ աշխարհին: Բոլոր բանաձևերը, որտեղ ասում են, որ կոպիտ ոտնահարվում են մարդու իրավունքները, պետք է օգտագործվեն»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով միայն հարցի քննարկումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արդեն մեծ բան է ՀՀ-ի համար` ներկայացնելու երեք ուղղություններով Ադրբեջանի թույլ տված խախտումները`  ագրեսիա, ռազմավարական գործողություններ, մարդու իրավունքների զանգվածային և միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ:

«Կարող ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը կարող է դիմել դատարան, վերջինն էլ պարտավոր է քննել այդ գործը: Եվ միայն դիմելը մեր բավականին մեծ դիվանագիտական քայլ կարող է լինել: Չնայած կարծում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կմերժի այդ հայցը ներկայացնել Հաագա, քանի որ մեծ ծավալի նյութեր չի պարունակում` զոհերը հարյուրավոր չեն»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա` ռասսայական խտրականության բոլոր ձևերն արգելող կոնվեցիայով ևս կարող ենք դիմել համապատասխան կոմիտե, որից հետո Միջազգային արդարադատության դատարան:

 

Տեսանյութը և լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Հետևեք մեզ նաև Telegram-ում