ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ թե փաստաթղթերը, այլ մեր մոտեցումները պիտի վերանայել. Վ. Մանուկյան. Tert.am (տեսանյութ)
Նմանատիպ
Քաղաքականության մեջ խռովել՝ լինի դա Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի կամ մեկ այլ պետության պարագայում, պետք չէ, խռովելով ոչ մի բանի չես հասնի. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չպետք է մասնակցեր ԵՏՄ վարչապետների գագաթաժողովին: Ըստ նրա՝ աշխարհը պետք է այդ քայլով հասկանար, որ Հայաստանն իրեն արժանապատիվ է պահում:
– Կարծիքներ կան, որ ՀՀ իշխանությունները բավարար քայլեր չեն նախաձեռնում՝ Ռուսաստանին հասկացնելու այլևս զենք չվաճառել: Հակառակը, ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաները, փոխվարչապետ Ռոգոզինը, փսլինք է անվանել նրանց, ովքեր զենքի վաճառքի դեմ խոսում են:
– Ռագոզինին եկեք մոռանանք: Նա շատ խելոք մարդ չէ և բավական պիժոն է: Նա այնքան հետաքրքիր մարդ չէ, որ իր ասածները քննարկենք, հենց իր խոսքերը ցույց են տալիս, որ խելոք չէ: Որոշողն ինքը չէ:
Ինչ վերաբերում է դեմ արտահայտվելուն, ասեմ, որ մեր պետությունը պետք է արձագանքեր հենց այն ժամանակ, երբ առաջին վաճառքը տեղի ունեցավ: Մեր հասարակությունն էլ պետք է ցույցեր կազմակերպեր, որ երկրի ղեկավարությունն էլ ասեր, թե նայի՝ ոչ միայն ես եմ գտնում, որ պայմանագրերը խախտվել են, այլև իմ հետևում կանգնած ժողովուրդը: Հասարակությունն էլ պետք է պայքարի, միայն ժողովրդով չէ: Հետո մեզ երբ մի բան պետք է լինում, դառնում ենք շատ պրագմատիկ, ասում ենք՝ դե լավ, ոչինչ, մենակ թե մի բան պոկենք, ու կորցնում ենք մեր արժանապատվությունը: Ցանկացած քաղաքականություն, որի հիմնական ուղղորդողը արժանապատվությունը չէ, դատապարտված է ձախողման: Ես նկատում եմ, որ Ռուսաստանի հետ մեր քաղաքականության մեջ, որը վերաբերում է ոչ միայն ներկա վիճակին, այլ սկսում է նախանցած դարից, չկա արժանապատվություն: Իսկ երբ արժանապատվությունը բացակայում է դիմացինն էլ արհամարհական է վերաբերում: Երբ ոչ թե ընկերություն ես անում, այլ քծնում ես, իսկ դիմացինդ ապուշ չէ, հասկանում է:
– Իսկ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքն ինչպե՞ս կգնահատեք: Չնայած նրան, որ ՄԽ-ն հասցեական հայտարարություններ չի անում, երեկ ԵԽ-ում բավարական բուռն քննարկում ծավալվեց ԼՂ հակամարտության թեմայով ու եվրոպացի պատգամավորների մեծ մասն արտահայտվեցին հօգուտ Հայաստանի: Արևմուտքից մեր սպասելիքները չափազանցվա՞ծ են:
– Անկախ ամեն ինչից մենք պետք է պահանջենք և՛ Ռուսաստանից, և՛ Մինսկի խմբից: Պիտի Մինսկի խմբին ասենք, որ եթե վերցրել ենք կարգավորելու հարցը, ուրեմն ամեն ինչ պետք է անեք, որ կոնֆլիկտը չնորոգվի: Իսկ դրա համար պետք է տեսնել, դիտել, մատ թափ տալ նրա վրա, ով սկսել է, որ երևա՝ վատ տղաներն ովքեր են, լավերն ովքեր են, ոչ թե բոլորին հավասարեցնենք: Ասում են, թե իրենց մանդատով դա տրված չէ, որ իրենց լիազորություններում դա չկա, բայց մանդատով գրված է, թե ինչ պետք է անել, ոչ թե ինչ պետք չէ անել: Այսինքն՝ եթե պետք է խաղաղություն հաստատել, ուրեմն ՄԽ-ն կարող է բոլոր միջոցներն օգտագործել:
– Այդ դեպքում ինչո՞ւ են անգործություն ցուցաբերում:
– Կարծում եմ, որ երբ հարցը մի քիչ հնանում է, իրենք էլ սպասում են, որ ինչ-որ ձևով կլուծվի: Ես մի քիչ լավ նախադասություն չեմ ասում, բայց եթե Ադրբեջանը, մի պահ պատկերացնենք, որ կվերցնի տարածքները, բայց ամեն ինչ խաղաղվի, կարող է համաձայնեն, որովհետև իրենց պետք է, որ կոնֆլիկտ չլինի կամ լինի կոնֆլիկտ, որը կկառավարեն իրենց շահերի օգտին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում