Ընտրագրավի վճարման ժամկետը լրացել է. Որևէ թեկնածու չի ներկայացրել ԿԸՀ
Նմանատիպ
Այսօր ժամը 14-ին լրացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի’ առաջադրված մի քանի թեկնածուների համար սահմանված ժամկետը, որի ընթացքում պետք է նրանք վճարեին օրենքով պահանջվող 8 մն դրամ ընտրագրավը:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ որևէ թեկնածու, Արամ Հարությունյանից բացի, անդորրագիր չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր առաջ գումարած արտահերթ նիստում որոշել էր քաղաքացիներ Մհեր Հայրապետյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Պավլիկ Սարգսյանին, Նարինե Մկրտչյանին, Արամ Հարությունյանին, Ռուբեն Այվազյանին, Ռոբերտ Ահարոնյանին և Տարոն Աբրահամյանին տալ 48 ժամ ժամանակ նրանց կողմից որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերը լրացնելու համար:
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման՝ ներկայացված փաստաթղթերն անհրաժեշտ է լրացնել նվազագույն աշխատավարձի 8 000-ապատիկի չափով գրավի վճարման անդորրագրերով մինչև հունվարի 10-ը’ 14.00-ն:
ԿԸՀ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ Մհեր Հայրապետյանին տրված ժամկետը լրանում է ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ մինչ այս պահը հետագա պայքարից հրաժարվելու մասին հայտարարել են Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը և Տարոն Աբրահամյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում