Հարձակողական օպերացիայի հրաման Ադրբեջանի ԶՈՒ-ն ստացել է 10 օր առաջ. ԼՂՀ տարածքում 9 նշանակետ է եղել. խոցված Մի-24G-իի «սև արկղի» հետքերով (ֆոտո)
Նմանատիպ
Այսօր պաշտպանության նախարարությունում զանգվածային լրատվամիջոցներին ներկայացվեց ադրբեջանական Մի-24G ուղղաթիռի անձնակազմի մարտական փաստաթղթերը, որոնք հիմնավորում են այն, որ ուղղաթիռն իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի մոտից հայտնաբերվել է փոքր գրքույկ, որտեղ դեռ մարտի 31-ին թռիչքների վերաբերյալ գրառումներ են արվել:
Ըստ փաստաթղթերի` օդաչուն պետք է իրականացներ թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից դեպի Քյորդանի ռազմական օդանավակայան, որտեղ սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին. ապրիլի 1-ին նախատեսված է եղել վերաթռիչք՝ Ժդանովսկ- Բեյլադան ուղղաթիռների հարթակ:
«Oդաչուների կողմից կիրառվող քարտեզը գաղտնիացված է, ինչը հետազոտելիս երևում է, որ օդաչուն թռիչքից առնվազն մեկ -երկու օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու հանձնարարականներ, ինչն իր հերթին հուշում է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից նման հրաման իջեցվել է տասն օր առաջ: Ինչևէ, մարտական քարտեզում նշված են հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր՝ խորությունն առաջնագծից 3 կմ-ից մինչև 10 կմ: Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով: Քարտեզը պատրաստված է մարտի 31-ին կամ ապրիլի 1-ին, որում նշված է Լյալյալագա լեռան բարձունքը, որը գտնվում է ԼՂՀ տարածքում, դրա վրա նշված է ավիանշանառուի դիրքը և այդտեղից բանակային ավիացիայի կիրառման տարբերակները: Հակառակորդը բանակային ավիացիային հրահանգել է պատրաստ լինել ամսի 1-2 գիշերը` բանակային ավիացիայի կիրառմամբ իրականացնելու հարձակողական գործողություններ` ԼՂՀ հարավ-արևելյան մասով: Ցանկացած ռազմական մասնագետ սա կընդունի որպես իրողություն և կհասկանա, որ տվյալ կողմը իրականացրել է նախնական գործողությունների մշակում, օդաչուական անձնակազմի մարտական խնդիրների տեսակետով նախորոշում և նշանակետերի կոնկրետ ցուցում: Տվյալ խնդիրը կատարելիս հակառակորդի օդաչուն իրականացրել է թռիչք 54 նշանակետի ուղղությամբ: Ունենք «սև արկղի» բացվածք, որի կտրվածքով կարող ենք ասել, որ օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ցամաքային զորքերի դեմ կիրառվող միջոցներ, նա չի կիրառել դրանք, այլ կիրառել է միայն թնդանոթ, որի հեռահարությունը մինչև 1 կմ խորությամբ է: Ընդ որում, կիրառելուց ձգանը պահած է եղել մոտավորապես երկու րոպե և այդ վիճակում էլ խոցվել է մեր տղաների կողմից»,-ասաց Ավետիք Մուրադյանը:
Գեներալի տեղեկացմամբ, հակառակորդի կողմից կատարվել է 70 թռիչք՝ 12-13 ուղղաթիռների կիրառմամբ: Ի դեպ, Մի-24G-ը ռուսական Մի-24-ի արդիականացված տարբերակն է: Այն արդիականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ուկրաինայում: Ուղղաթիռը կարող է կիրառել հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ` քանակով մինչև 80 միավոր:
«Այս ամենն ապացույց է, որ հակառակորդը պլանավորել է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել, այլապես օդուժի ներգրավվածություն չէր լինի: Հակառակորդի գործողությունները դասական կաննոներով պլանավորված են եղել: Մեզ պետք է, որ ամբողջ աշխարհն իմանա այդ մասին»,-հավելեց Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի խոցած երկրորդ ադրբեջանական ուղղաթիռին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոցվել է Մի- 8 տիպի ուղղաթիռ, որը պետք է դեսանտ իջեցներ կամ տարհանում իրականացներ՝ հյուսիսային ուղղությամբ: Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածքում, սակայն այն կարողացել է խոցված վիճակում շարունակել թռիչքը մինչև 5 կմ և վայրէջք կատարել Ադբեջանի տարածքում: Ըստ Հովհաննիսյանի` չի բացառվում, որ այն վթարային վայրէջքի ժամանակ կործանվել է:
Արծրուն Հովհաննիսյանն այս համատեքստում պնդեց, որ ՀՕՊ-ը գերազանց է կատարել իր խնդիրը. «Համեմատեք նմանատիպ այլ կարճ պատերազմների հետ և տեսեք այդքան ԱԹՍ ում է հաջողվել խոցել այդքան կարճ ժամանակահատվածում, ընդ որում՝ ժամանակակից և առաջին անգամ կիրառվող»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում