Հրազդանում հարձակվել են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձի վրա

Նմանատիպ
Հրազդանում այսօր ժամը 08:00-ից բացվել են բոլոր 28 ընտրատեղամասերն ու մարդիկ ակտիվորեն մասնակցում են քաղաքապետի ընտրությանը: Թիվ 25/16 ընտրատեղամասի առաջ մարդկային մեծ կուտակումներ են, և հանձնաժողովի նախագահ Սևակ Մկրտչյանը Panorama.am-ին ասաց, որ փորձում են այնպես անել, որ փոքր խմբերով մարդիկ մտնեն տեղամաս և մասնակցեն քվեարկությանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուներից Սասուն Միքայելյանի վստահված անձ Գեղամ Հակոբյանն ասաց, որ մինչև այս պահը ընտրական գործընթացից դժգոհություններ չունի:
«Միակ դժգոհությունն այն է, որ մարդիկ շատ են և կարող է կուտակում առաջանա, այդ պատճառով էլ անընդհատ հորդորում ենք, որ խումբ-խումբ մտնեն ու ներսում 15 հոգուց ավելի մարդ չլինի»:
Ի դեպ, Panorama.am-ի թղթակիցը թիվ 25/13 ընտրատեղամասի առաջ տեսել է մի տղայի, ով բացահայտ քարոզչություն էր անում՝ հագին ունենալով Սասուն Միքայելյանի դիմանկարով շապիկ:
Քիչ ավելի վաղ հաղորդագրություն էր ստացվել, որ Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ավանեսյանի պնդմամբ` Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ այսօր ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել: Քիչ անց դեպքի առնչությամբ ՀՀ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 11.30 -ին։ «Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել Ոստիկանության Հրազդանի բաժնում, որ ժամը 10 .40-ի սահմաններում Հրազդանի թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մետր հեռավորության վրա փողոցում իր հետ վիճաբանել են քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը և նրա հետ գտնվող ոմն Կարենը և Մհերը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուները երեքն են, երեքն էլ տարբեր կուսակցություններից` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը` ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից և երրորդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է` Արթուր Միսակյանը: Հիմնական պայքարն այստեղ ընթանալու է առաջին երկու թեկնածուների միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում