Հալեպում բնակիչների կենսակերպն ավելի է դժվարացել՝ եղանակի ցրտելու պատճառով

Հալեպում եղանակն ավելի է ցրտել, եւ դրան զուգահեռ բնակիչների կենսակերպն ավելի է դժվարացել հատկապես վառելիքի բացակայության պատճառով:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանին: Վերջինս ավելացրել է, որ, չնայած դժվարին պայմաններին, հայկական դպրոցները շարունակում են դասերը:

Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ’ հունվարի 9-ին Հալեպում եւ Սիրիայի այլ շրջաններում առատ ձյուն է տեղացել: Բնակիչներից ոմանք փորձում են բնակարանները տաքացնել վառելափայտով: Քաղաքը կեսօրից հետո խավարի մեջ է հայտնվում, եւ «ստեղծված իրավիճակը նախնադարյան շրջանի է նմանվում»:

Քաղաքական դաշտում փոփոխություն չկա, կրակոցների ձայներ մերթ ընդ մերթ լսվում են ավելի հեռվից, իսկ կենտրոնական շրջաններում իրավիճակը հանգիստ է:

Ռեյիսյանը տեղեկացրեց նաեւ, որ Հալեպի օդանավակայանը չի գործում: Լուրեր են շրջանառվում, որ այն հնարավոր է բացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում