Արա Պապյանն Ադրբեջանի ագրեսիան պայմանավորում է արտաքին և ներքին գործոնններով
Նմանատիպ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: «Վաղուց արդեն հայտնի էր, որ Ադրբեջանը տնտեսական խնդիրներ ունի՝ կապված գների հետ, ինչպես նաև ավելի ու ավելի են ակտիվացել այդ երկրի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունները: Պատերազմական գործողություններ ծավալելու համար առիթ կարող էր հանդիսանալ նաև օֆշորային բացահայտումը՝ կապված Իլհամ Ալիևի ընտանիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պապյանը:
Անդրադառնալով արտաքին գործոններին՝ Պապյանն ընդգծեց, որ Արցախի դեմ պատերազմական գործողություններ սկսելու համար հիմք է ծառայել ռուս-թուրքական հարաբերությունների սրումը: «Այս դեպքում ինձ համար տարօրինակ էր Ռուսաստանի ղեկավարության պահվածքը, ովքեր հավասարության նշան դնող հայտարարություններ ու կոչեր էին անում այն դեպքում, երբ ռուս քաղաքագետների հիմնական մասն այն կարծիքին էր, որ սա Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն է»,- ընդգծեց քաղաքագետը:
Նրա գնահատմամբ՝ իրավիճակը հիմա մի փոքր կայունացել է, սակայն առաջիկա ամիսների ընթացքում կարող է նոր պատերազմ բռնկվել, որն ավելի լայնածավալ կլինի: «Դրա համար մեր իշխանությունները պետք է անցնեն կտրուկ գործողությունների, որովհետև մեր բանակը, ճիշտ է, իրեն փայլուն է դրսևորել քառօրյա պատերազմի ընթացքում, բայց մենք տեսանք, որ կան բացեր, որոնք պետք է լրացնել: Էական բացեր կան պաշտպանության կազմակերպման գործում: Սա ասում եմ նրա համար, որ մենք ունեցանք զոհեր, որոնցից կարելի էր խուսափել, իսկ չենք խուսափել, որովհետև ամեն ինչ չէ, որ ճիշտ է արվել: Ի վերջո, զինվորի մարտական ոգին 21-րդ դարում շարունակում է կարևոր մնալ, բայց շատ կարևոր է նաև ժամանակակից, արդիական սպառազինություն ունենալը, որպեսզի հնարավոր լինի ինչպես հարկն է պաշտպանվել ու հակահարված տալ թշնամուն»,- ասաց Արա Պապյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը իր առջև ոչ միայն ռազմական, այլ հայ ժողովրդի նկատմամբ ևս մեկ ցաղասպանություն իրականացնելու խնդիր է դրել, ինչի մասին են վկայում այն վայրագությունները, որ ադրբեջանցիներն իրականացրել են խաղաղ բնակչության նկատմամբ: «Հետևաբար, մենք լուրջ քայլեր ունենք անելու, որպեսզի կարողանանք վերջնականապես ջախջախել թշմանուն: Հարկավոր է ինչպես հարկն է զինվել ու պատրաստվել նոր պատերազմի, որի ժամանակ պետք է ջախջախենք մեր թշնամուն ու հասնենք վերջնական հաղթանակի, քանի որ հակառակ դեպքում մենք դեռ երկար ժամանակ կունենանք այն իրավիճակը, որն ունենք այսօր: Միակ ճանապարհը թշնամու վերջնական ջախջախումն է: Այն, որ մենք կհաղթենք հերթական պատերազմում, կասկած չի հարուցում, ինչի վառ ապացույցն է չորսօրյա պատերազմը, սակայն հարց է, թե ինչ գնով մեզ կտրվի այդ հաղթանակը: Դրա համար մենք պետք է լրջորեն նախապատրաստվենք»,- մանրամասնեց Պապյանը:
Միևնույն ժամանակ, քաղաքագետը նկատում է, որ պատերազմում չի կարելի հաղթանակի հասնել միայն զենքով և բանակով. հարկավոր է գրագետ գործել նաև դիվանագիտական դաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում