Անհրաժեշտ է Ադրբեջանին նոր պատերազմի մղել
Նմանատիպ
Ռազմագիտական մտքի հայտնի մշակ, փիլիսոփա Կարլ ֆոն Կլաուզեվիցը ժամանակին պնդում էր, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ մեթոդներով։ Այն ինչ տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի սահմանում ապրիլի 2֊ի առավոտյան, և շարունակվում է մինչ օրս, իրականում քաղաքական խոշոր իրադարձություն էր, որը չի կարող չազդել ոչ միայն հայ֊ադրբեջանական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի զարգացումների վրա։ Իհարկե, առավել ակներևը հենց ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան էր, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ընդամենը սկիզբն էր քաղաքական այն ծրագրի, որը մշակվել էր Բաքվում, համաձայնեցվել Անկարայում ու Մոսկվայում և ուղղվել հայկական պետությունների դեմ Արցախում։ Այդ ծրագրի շարունակությունը պիտի իրագործվեր արդեն քաղաքական հարթակներում, որտեղ, ըստ մեր թշնամիների մտահղացման, Հայաստանն ու Արցախը պիտի հանդես գային որպես ռազմաճակատում պարտված կողմեր և, հետևաբար, ստիպված լինեին տեղի տալ Ադրբեջանի պահանջներին։ Այլ խոսքերով ասած՝ ապրիլյան այդ հարձակման հիմնական նպատակը հայկական կողմից քաղաքական զիջումներ կորզելն էր։ Եվ եթե ադրբեջաական բլիցկրիգը հաջողվեր, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ այդպես էլ կլիներ։
Բայց, ինչպես տեսանք, այդ ծրագրի առաջին՝ ռազմական փուլը տապալվեց։ Արցախի սահմանը հսկող մեր մարտիկները պարզապես ջախջախեցին ադրբեջանական բանակը և, մարդկային ու տեխնիկակակն մեծ կորուստներ պատճառելով, ետ շպրտեցին դրանց ելման դիրքեր։ Ադրբեջանի՝ խուճապի մատնված իշխանություններն սկզբից փորձեցին կատարվածը քողարկել կեղծ քարոզչության, սուտ լուրերի ու Photoshop-ի (հավանաբար հին վերսիա CS4 կամ CS5) միջոցով, բայց հետո հասկացան, որ իրավիճակը փրկելու համար ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ և նորից սկսեցին Մոսկվա ու Անկարա վազել։ Պահանջը մեկն է՝ շարունակել ծրագրի իրագործումը, անցնել դրա երկրորդ փուլին։ Դատելով վերջին օրերի զարգացումներից՝ Մոսկվայում Ալիևին մերժել են, Անկարայում՝ ոչ։ Կրեմլում նրան հասկացրել են, որ իրենք պատրաստ էին միայն մեկ անգամ աչք փակել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա և թույլ չեն տա, որպեսզի իրենց միջամտությունից հետո որևէ մեկը կասկածի տակ դնի Ռուսաստանի խաղաղարար պոտնեցիալը Հարավային Կովկասում։ Թուրքիայում հարցը ճիշտ հակառակ դիտանկյունից է քննարկվել։ Այնտեղ Ալիևին ասել են, որ կա՛մ անհրաժեշտ է շտկել ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում (այսինքն նոր պատերազմ սկսել այնտեղ), կա՛մ հրաժեշտ տալ այդ տարածաշրջանը կրկին Ադրբեջանի կազմում տեսնելու հույսերին։
Ահա այսպիսի երկընտրանքի առջև կանգնած` Ալիևի վարչակազմը չգիտի ինչ որոշում կայացնել։ Ամեն ինչ բարդացնում է նաև Արևմուտքը, որը մինչ այս պահը դեռևս դիտորդի դերում էր գտնվում։ Բայց Վաշինգտոնում և Բյուսելում հասկացել են, որ Ադրբեջանի քաղաքական ծրագրերում առնվազն հաշվի չի առնվել Արևմուտքի շահը։ Ավելին` իրենց հետ ոչինչ չի էլ քննարկվել, ինչը չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ և Եվրոպական երկրների իշխանություններին։ Հետևաբար այնտեղ Ադրբեջանի գործողությունների հանդեպ դիրքորոշում մշակելու և հայտնելու անհրաժեշտություն է առաջանալու։ Դատելով Ադրբեջանի տեղեկատվական դաշտում գործող արևմտամետ ռեսուրսներում հրապարակվող նյութերի բովանդակությունից` կարելի է ենթադրել, որ Ալիևին ծանր հարվածներ են սպասվում նաև Վաշինգտոնից։ Պաշտոնական Բաքուն իրական ցուգցվանգում է հայտնվել։ Ալիևի վարչակազմը հասկանում է, որ ամեն հաջորդ քայլ միայն վատթարեցնելու է Ադրբեջանի դրությունը։ Բայց ոչինչ չանել էլ չի ստացվում։
Ի՞նչ է մնում ստեղծված իրավիճակում ադրբեջանցիներին։ Թուրքիայի առաջարկին նրանք չեն ուզում համաձայնվել։ Ապրիլյան այսպես կոչված չորսօրյա պատերազմը Ադրբեջանում շատերի համար սարսափ երազ դարձավ։ Նրանց ռազմականությունը գիտակցում է, որ պատերազմի ամենահնարավոր ելքը իրենց զինուժի վերջնական ջախջախումը, բազմահազար մարդկային ու լուրջ տարածքային կորուստներն են լինելու։ Գումարած դրան, խնդիրներ կառաջանան նաև Ռուսաստանի հետ և, որ ամենակարևորն է, երկրի ներսում։Հետևաբար Անկարայի առաջարկը Ալիևի վարչակազմն ամենավերջին հերթում է դիտարկելու, այն էլ միայն այն պարագայում, եթե Թուրքիան իրենց հստակ երաշխիքներ տա։
Ռուսաստանի պարագայում Բաքվի հույսերն ավելի իրատեսական են։ Այս օրերին Ադրբեջանի իշխանություններն ակտիվ շփվում են Ռուսաստանի ռազմական և դիվանագիտական շրջանակների հետ՝ փորձելով ռուսական ճնշման միջոցով որոշակի տարածքներ կորզել Արցախից՝ խնդրի քաղաքական և վերջնական լուծումը թողնելով ապագային։ Փոխարենը Ադրբեջանը պատրաստ է ընդգրկվել Ռուսաստանի համար շատ կարևոր քաղաքական և տնտեսական ծրագրերի մեջ, համագործակցել էներգետիկ ոլորտում և այլն։ Բայց այստեղ էլ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Ռուսաստանի ազդեցությունը հայկական կողմի վրա զգալիորեն նվազել է։ Պաշտոնական Երևանը չէր կարող անհետևանք թողնել այն հանգամանքը, որ Ռուսաստանի իշխանությունները համաձայնել էին Ադրբեջանի քաղաքական ծրագրին և, ըստ էության, թույլ տվել Ալիևին հարձակվել Արցախի վրա։ Մոսկվայում դա տեսնում են, բայց միևնույն է, կփորձեն կոմպրոմիսային ծրագրեր առաջարկել՝ զուգահեռաբար ձգտելով սեփական դիրքրեն ամրացնել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։
Ռազմաքաղաքական այս գործընթացների լույսի ներքո առանձնահատուկ կարևորություն է ստանում հենց հայկական կողմի դիրքորոշումը։ Պարզ է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։ Ալիևին դա կհաջողվի միայն այն դեպքում, եթե հայկական կողմը քաղաքական սխալ հաշվարներ անի՝ օրինակ, փորձելով բանակցային գործընթացը շարունակել նախկին տրամաբանության մեջ (նման երանգներ արդեն հնչել են ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններում)։ Իհարկե, հասկանալի է, որ որևէ բանական մարդ պատերազմ չի ցանկանում, բայց ստեղծված իրավիճակում, թվում է, թե հայկական կողմի միակ ճիշտ մարտավարությունը Ադրբեջանին նոր պատերազմի մղելն է։ Դա անհրաժեշտ է այդ պետության նկատմամբ ռազմաքաղաքական մեր առավելությունը վերջնականապես ֆիքսելու և թշնամուն երկարատև խաղաղություն պարտադրելու համար։ Չի կարելի թույլատրել, որպեսզի Ալիևի վարչակազմը քաղաքական խարդավանքների ճանապարհով դուրս գա փակուղային իրավիճակից։ Ապրիլյան այս փոքր հաղթանակից հետո մեր միակ դիրքորոշումը մաքսիմալիստական պահանջատիրությունը պետք է լինի։ Իհարկե, նոր պատերազմը ծանր կլինի նաև հայկական կողմի համար, բայց ակնհայտ է, որ հենց հիմա մենք արցախյան հարցը կարգավորելու լավ հնարավորություն ենք ստացել և պետք է իրացնենք այդ հնարավորությունը։ Մեր անզիջում դիրքորոշումն է միակ այն գործոնը, որը կստիպի Ադրբեջանին քայլ կատարել և սխալվել։ Սա պետք է հստակ գիտակցել։
Ցանկացած ուրիշ լուծում նշանակելու է միայն մեկ բան՝ անիմաստ և կանխավ անարդյունավետ բանակցություններ, որոնք ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ապրիլյան այսպիսի չորսօրյա պատերազմներով։ Սցենարի այդպիսի զարգացումն Ադրբեջանի համար լավագույն լուծումը կլինի այս իրավիճակում։ Ուստի, անհրաժեշտ է խուսափել դրանից և ռազմի դաշտում տարած մեր հաղթանակը դարձնել նաև քաղաքական հաղթանակ։ Որովհետև, ինչպես արդեն նշեցի հոդվածի սկզբում, այս հակամարտությունը քաղաքական է՝ ռազմական կոմպոնենտով։ Արցախի սահմանում կանգնած տղաների գործը պետք է հաղթական ավարտին հասցնել նաև դիվանագիտական դաշտում։
Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում