Իսրայելը մեզ ռազմական նշանակության բարդ սարքավորում չի առաջարկել, բայց ունենք հեռահար միջոցներ, որոնք մինչև Բաքու կհասնեն (տեսանյութ)

Իսրայելը մեզ ռազմական նշանակության բարդ սարքավորում չի առաջարկել, բայց ունենք հեռահար միջոցներ, որոնք մինչև Բաքու կհասնեն (տեսանյութ)

«Մենք ունենք հեռահար այնպիսի միջոցներ, որոնք մինչև Բաքու կհասնեն: Եթե մենք այս ամենը չունենայինք, ապա Ադրբեջանն ինչ-որ տեղ իրեն զսպված չէր զգա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց  ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը՝ նշելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը չի օգտագործել իր ամբողջ զինանոցը: Այսինքն՝ գործողություններն եղել են միայն  թշնամուն դուրս շպրտելու  կամ ներս չթողնելու ուղղությամբ: Գնդապետն այստեղ հիշեցրել է, որ  ՀՀ ռազմական դոկտրինը պաշտպանողական է, ոչ թե հարձակողական,  ուստի  հայկական կողմն  անհրաժեշտ պահի միայն հակահարձակողական  գործողությունների է  գնում: 

Անդրադառնալով քննադատություններին, թե քառօրյա պատերազմի օրերին մեր հետախուզությունը լավ չի աշխատել, Բալայանն ասել է, որ եթե հետախուզական տվյալներ չունենայինք, հնարավոր չէր լինի ամբողջովին դիմակայել ադրբեջանական լայնածավալ հարձակմանը: Նրա խոսքով,  իհարկե, արբանյակային հետախուզություն չունենք, բայց հետախուզական առումով շատ լուրջ հնարավորություններ ունենք և ադրբեջանական զորքերի ողջ տեղաշարժից տեղյակ ենք:

«Մենք գեոսպուտնիկ չունենք, ճիշտ է պետք է, ամեն միջոց էլ պետք է ունենաք, բայց գեոսպուտնիկն էլ իր բացասական կողմն ունի. ապրիլյան այդ օրերին այն չէր օգնի, քանի որ ամպամած օրեր էին, իսկ երբ ամեն ինչ փակ է, նրա տեսասարքավորումները ցույց չեն տալիս»,-շեշտել է  Բալայանը և նկատել, որ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Ադրբեջանի կիրառած ԱԹՍ-երի թվաքանակը նորություն էր, որն այսօր հայկական կողմին մղել է այլ խնդիրների լուծման, և որ հայկական կողմին հաջողվել էր դեռ մեկ տարի պարզել է, որ Ադրբեջանն իսրայելական  արտադրության լուրջ հնարավորություններով ընդամենը 10 միավոր անօդաչու սարք ունի:

«Սա նոր տեխնոլոգիա էր, առաջին անգամ էր կիրառվում, իմ անձնական կարծիքով՝ դրանք արդեն իրենք  չէին ղեկավարում,  քանի որ  սա բարդ տեխնոլոգիական սարքավորում է»,-լրացրել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի պետը՝ սլաքն ուղղելով իսրայելցի մասնագետների կողմը՝ հիշեցնելով, որ հայկական զինուժը կարողացել է նաև դրանցից ոչնչացնել, ավելին, առհասարակ, կարողանում են համապատասխան միջոցներով խանգարել ադրբեջանական ԱԹՍ-երի աշխատանքին:

Հարցին՝ ճի՞շտ է, որ Իսրայելը նույն զինատեսակից նաև ՀՀ-ին է վաճառել, Դանիել Բալայանը պատասխանել է. «Ոչ, Իսրայելը մեզ ոչ մի երկակի կամ ռազմական նշանակության բարդ սարքավորումներ չի վաճառել: Եթե ինչ-որ բան առաջարկում են, ապա դա անցած քաղաքացիական պատմություն է: Իսկ այդպիսի գներ տալ անցած էտապի բաներին, որ արդեն պատմություն է, իմաստ չունի»:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ  Իսրայելը նույն ապրանքատեսակները, որոնք վաճառել է Ադրբեջանին, առաջարկել է նաև Հայաստանին, բայց դրանք գնելու անհրաժեշտությունը չի եղել:

Ինչևէ, Դանիել Բալայանը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե պաշտպանության նախարարությունը  չի համագործակցում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Եթե ինչ-որ պատճառներով գործարքը մեկ, երկու, երեք հոգու հետ չի կատարվել, չի նշանակում, թե ՊՆ-ն այդ գործառույթներով զբաղված չէ: Եթե մենք չկիրառեինք միաժամանակ նաև բարձր տեխնոլոգիաները, ապա այս 4 օրվա պատերազմի ընթացքում բավականին լուրջ պարտություններ կունենայինք: Այն, որ չկարողացավ առաջ գնալ, հետախուզական և այլ միջոցների կիրառումն է»,– ասել է գնդապետը՝ միաժամանակ նշելով, որ հայ մասնագետների առաջարկած սարքերի արժեքը շատ բարձր է, և կիրառման ժամանակ դրանք հաճախ չեն ապահովում իրենց իսկ կողմից նախանշած չափանիշները. «Ասում են կարող ենք մեքենա պատրաստել, բաց այն ձեզ կտանք կամ առանց անիվների, կամ առանց շարժիչ, էսպես չի լինում: Մեր խոսակցության թեման եղել է, որ ինքնակառավարվող  ԱԹՍ-եր պիտի սարքվեին»:

Ինչ վերաբերում է պատերազմական գործողությունների օրերին ստորաբաժանումներում զինամթերքի պակասության քննադատություններին, Բալայանը նշել է, թե ամեն մի հենակետ իր չափանիշներով զինամթերք է ստանում՝ միաժամանակ չբացառելով, որ հնարավոր է մի զորամասում խնդիր եղած լինի, այն էլ, որովհետև ճանապարհը եղել է միակողմանի և կրակի տակ: Բալայանը հերքել է նաև սնունդի հետ կապված խնդիրները. «Զորքը հագնված է, սնունդը տեղն է,  ուտելիքը լիքն է,  90-ականներ սկիզբը չէ, կանոնավոր բանակ է, պլանավորված ամեն ինչ ապահովվում է»:

Չանտեսելով նաև հակամարտող ռազմական բալանսի խախտման շուրջ խոսակցությունները, գնդապետը նկատեց, թե դա ոչ մեկ չի հերքում, քանի որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 մլրդ-ի սահմանում է, մինչդեռ Հայաստանը նման չափի գումար չի կարող ծախսել:

«Իրենք գնեցին Տ-90 տանկեր, 100 հատ տանկ գնեցին, բայց ուր էր արդյունքը»,-հավելել է նա:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում