ՄԻԱԿ-ը որոշել է սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին
Նմանատիպ
Տեղի է ունեցել Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) Խորհրդի նիստը, որն ընդունել է ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն:
Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՄԻԱԿ-ը որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում սատարել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Այս որոշումն ավելի քան հինգ տարիների համագործակցության արդյունք է»:
«Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) վերլուծելով ու գնահատելով նախորդ հինգ տարիների իրողությունները, դրանցում հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, ազդարարում է, որ տվյալ ժամանակահատվածում.
– Հայաստանը կարողացել է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և չեզոքացնել մեր տնտեսության և հանրային կյանքի տարբեր բնագավառներում դրա ունեցած հետևանքները,
– Մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է նախաձեռնողական, հասկանալի և ընդունելի միջազգային հանրության ու որոշումներ կայացնող քաղաքական կենտրոնների համար,
– ԼՂ հիմնահարցում հայկական կողմի դիրքերն ավելի են ամրապնդվել, և հակամարտության կարգավորման մեր մոտեցումները, որոնք խարսխված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, հետզհետե ավելի մեծ աջակցություն են գտնում միջազգային հանրության կողմից,
– Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացում, Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում,
– Սոցիալական քաղաքականությունը դարձել է առավել հասցեական և միտված հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանը,
– Կոռուպցիայի, անարդարությունների և հոռի երևութների դեմ պայքարը դարձել է ամբողջական և արդյունավետ,
– Շոշափելի բեկում է գրանցվել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում և քաղաքացիական հասարակության կայացման ասպարեզում:
Այս ձեռքբերումների կողքին դեռևս առկա են խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մի շարք ուղղություններով ձեռնարկվում են կոնկրետ քայլեր և գործողություններ, որոնք մոտ ապագայում կարող են նշանակալի արդյունքներ ապահովել:
2013թ. թիվ մեկ քաղաքական իրադարձությունը ՀՀ Նախագահի ընտրություններն են: ՄԻԱԿ-ի որոշումը այս քաղաքական իրադարձության առնչությամբ աներկբա է. մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին պաշտպանելու ենք նրա թեկնածությունը: Այս որոշումն ավելի քան հինգ տարիների համագործակցության արդյունք է:
Վստահ լինելով մեր թեկնածուի համոզիչ հաղթանակի մեջ, ակնկալում ենք և անելու ենք մեզնից կախված հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիներին մեծ թափով շարունակվեն.
– երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնց արդյունքները ուղղված կլինեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը և կայուն զարգացմանը,
– քաղաքական սերնդափոխությունը և պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման գործընթացը,
– դինամիկ աճի միտումները տնտեսության բնագավառում,
– մեր երկրի դիրքերի ամրապնդումը ԼՂ կարգավորման գործընթացում, եվրոպական ինտեգրացիայի հետ կապված նախաձեռնություններում և հեղինակավոր միջազգային կազմակերպություններում,
– մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացումը,
– Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դրա հետևանքների վերացմանն ուղղված արդյունավետ ջանքերը,
– Համայն հայության ներուժի համախմբումն ու Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդումը,
– ժողովրդավարական բարեփոխումները և թիրախավորված պայքարը հասարակության հիմքերը խարխլող արատավոր երևույթների և կարծրատիպերի դեմ»,-նշվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ: