Հրամանատարի օգնականը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ

Թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի օգնական Գարիկ Կիրակոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ, ինչը դրսեւորվել է սերժանտ Գ.Տոնապետյանին ծեծելու մեջ։ Այս մաիսն հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը:

Նախաքննության տվյալներով, Գ.Կիրակոսյանը 2012թ. հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը մարտական հերթապահության մեջ է ընդգրկված եղել ‹‹Ավազահանք›› մարտական հենակետում: 2012 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում հենակետի դիտախորշում, նրան առաջադրված մեղադրանքի համաձայն, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը և վերադաս հրամանատարի կողմից դիտակետում դիտորդի սաղավարտը չկրելու համար դիտողության արժանանալու պատճառով, վրեժխնդիր լինելու շահագրգռվածությամբ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն մարտական հենակետի դիտորդ, սերժանտ Տոնապետյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն’ Գ. Կիրակոսյանն երկու անգամ սաղավարտով, այնուհետև 4-5 անգամ բռունցքներով հարվածել է սերժանտի գլխին՝ ձախ ականջախեցու քերծվածքի, արյունազեղման և գլխի ձախ ճակատագագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նախաքննության մարմինը Գ. Կիրակոսյանի կողմից Գ. Տոնապետյանին ծեծի ենթարկելը, ընդհանուր առմամբ, դիտել է որպես վերջինիս պատճառված էական վնաս, և Կիրակոսյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ավելի որոշակի’ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում