Նյու Յորքի փրայմերիզներում հաղթել են Քլինթոնը եւ Թրամփը
Նմանատիպ
Նյու Յորքի փրայմերիզներում Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել Բեռնի Սանդերսի՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու պայքարում իր մրցակցի նկատմամբ: Նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարն ստանում է ձայների 61 տոկոսը, նրա մրցակիցը՝ 38 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
CNN-ի անցկացրած էկզիտ-պոլերի համաձայն՝ Քլինթոնը Սանդերսին հաղթում է 52 տոկոս առ 48 տոկոս հարաբերակցությամբ:
«Շնորհակալություն, Նյու Յորք: Դուք ինձ վստահեցիք 16 տարի առաջ եւ այսօր էլ: Ես երբեք չեմ դադարի պայքարել ձեզ համար»,- գրել է Քլինթոնն իր Twitter-ում:
Հանրապետականներից հաղթանակ է տոնում միլիարդատեր Դոնալդ Թրամփը. նա զգալի տարբերությամբ առաջ է անցել իր մրցակիցներից: Էկզիտ-պոլերի տվյալների համաձայն՝ Թրամփը գրեթե 30 տոկոսով առաջ է անցել մոտակա մրցակցից՝ Թեդ Քրուզից:
Հանրապետական երրորդ թեկնածուն՝ Ջոն Քեյսիկը, էլ ավելի է ետ մնացել:
«Շնորհակալություն, Նյու Յորք: Ես ձեզ սիրում եմ»,- շնորհակալության այս խոսքերով է Թրամփն արձագանքել հաղթանակի վերաբերյալ լուրին:
«Մրցարշավը մոտենում է ավարտին: Սենատոր Քրուզը, ինչպես երեւում է, թվաբանորեն կորցնում է բոլոր շանսերը»,- հայտարարել է նա՝ մի քանի րոպե հետո ելույթ ունենալով իր ցնծացող կողմնակիցների բազմության առջեւ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում