ՄԱԿ-ը փաստաթուղթ է ընդունել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների մասին

ՄԱԿ-ը փաստաթուղթ է ընդունել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների մասին

ՄԱԿ-ում փաստաթուղթ են ընդունել թմրամոլներին օգնություն ցուցաբերելու, թմրանյութերի առաջարկի եւ պահանջարկի կրճատման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է միջազգային կազմակերպության նորությունների կենտրոնը:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ թմրանյութերի խնդրին նվիրված 30-րդ հատուկ նստաշրջանի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ, որում շարադրված են թմրամոլներին օգնություն ցուցաբերելու եւ թմրանյութերի առաջարկի ու պահանջարկի կրճատման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Փաստաթղթում չկան կոնկրետ ձեւակերպումներ, որոնք արգելում են մատապատիժը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի՝ թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը: Նա նաեւ նշել է, որ փաստաթուղթն ուղղված չէ թմրակախվածություն ունեցող անձանց քրեականացմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը նշել է, որ թմրամոլներին պետք է բուժել, այլ ոչ թե բանտ նստեցնել: «Սակայն այսօրվա դրությամբ բուժվելու հնարավորություն ունի մոլորակի՝ թմրակախվածություն ունեցող միայն յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը»,- հայտնել է նա:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 30-րդ հատուկ նստաշրջանն աշխատանքն սկսել է ապրիլի 19-ին: Նրա մասնակիցներն առաջիկա երեք օրում քննարկելու են թմրանյութերի վերաբերյալ Քաղաքական հռչակագրի եւ ՄԱԿ-ի Գործողությունների ծրագրի կատարման հարցը, որոնք 2009 թվականին ընդունվել էին 20-րդ հատուկ նստաշրջանում՝ նվիրված թմրանյութերի համաշխարհային հիմնախնդրի դեմ համատեղ պայքարին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում կա ավելի քան 250 մլն թմրամոլ: Այդ թվում ներառված են նաեւ նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ թմրանյութ են փորձել: Նրանցից թմրակախվածություն ունեցող մոտավորապես 27 մլն անձինք բուժման կարիք ունեն: Ամեն տարի գերդոզավորման եւ թմրանյութերի օգտագործման հետ կապված այլ պատճառներով մահանում է 200 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում