Արմեն Սարգսյան. Մենք չենք կարող առաջնորդվել Մադրիդյան սկզբունքներով
Նմանատիպ
Դիվանագետի մեջ պետք է լինի զինվորի ոգին: Այն զինվորի, որը սահմանի վրա կարողանում է կյանքի գնով, ինչ-որ տեղ նույնիսկ չհաշվարկելով իր տեխնիկան և այլն, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանը,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը:
Ըստ Ձեզ, կայծակնային պատերազմով ի՞նչ խնդիր է փորձել լուծել Ադրբեջանը քաղաքական դաշտում:
Ադրբեջանը կայծակնային պատերազմով ցանկացել է ոչ թե լուծել Ղարաբաղի հարցը, այլ հասնել որոշակի հաջողությունների, որոնք հետագայում կկարողանար օգտագործել դիվանագիտության մեջ: Դրա համար էլ հարձակվել է հյուսիսային ու հարավային շրջաններից` մի կողմից հույսը դնելով հատուկ ջոկատայինների, մյուս կողմից էլ` զինտեխնիկայի համար բարենպաստ հարթավայրային դիրքի վրա: Ակնհայտ է, որ որոշակի հաջողության հասնելու դեպքում կհարվածեր նաև կենտրոնական մասին: Խնդիրը նրա մեջ էր, որ այս 22 տարիների ընթացքում սպառազինության վրա միլիարդավոր դոլարներ ծախսելով` Ալիևն ուզում էր ապացուցել ինքն իրեն, իր ժողովրդին ու ամբողջ աշխարհին, որ կարող է զենքի ուժով գրավել Ղարաբաղը: Նրա ծրագիրը լիովին ձախողվեց: Արդյունքը եղավ այն, որ նա դիմեց Ռուսաստանին ու զինադադար խնդրեց: Որովհետև Ալիևի համար պարզ էր, թե պատերազմի շարունակումն ինչ հետևանքներ կունենար: Պատերազմը կանգնեցվեց այն պահին, երբ արդեն մենք էինք հակահարձակման անցել: Իմ կարծիքով` այս պատերազմը պետք էր հանգեցներ հենց դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հաջողությանը:
Հիմա, երբ արդեն ակնհայտ է, որ հայոց բանակն, իսկապես, տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է ու կարող է իր առջև դրած խնդիրները լուծել, արդյոք ժամանակը չէ՞ բանակցային սեղանի շուրջ ավելի սուր հարցադրումներ անելու:
Ես և իմ ներկայացրած կուսակցությունը` Դաշնակցությունը, միշտ էլ եղել ենք այն կարծիքին, որ բանակցային սեղանի շուրջ պետք է միայն սուր հարցադրումներ լինեն: Պետք չէ սպասել, որ նորից մի քառօրյա պատերազմում հաղթենք, նորից ապացուցենք մեր ուժն ու հետո սուր հարցադրումներ անենք: Բանակցությունների ընթացքում պետք է մաքսիմալիստ լինել և ընթացքում կպարզվի, թե քո նշաձողից որքան ցածր կարող ես հասնել: Ի սկզբանե չի կարելի աշխատել միջին կամ մինիմալ պահանջներով: Դա մեր կուսակցության գաղափարախոսությունն է, որին մենք դավանում ենք:
Եթե հիշում եք 1994-ին էլ մենք պրոբլեմներ ունեինք հենց մաքսիմալիստական մոտեցումների հետ կապված: Որովհետև, եթե պատերազմը մի քիչ էլ շարունակվեր, ապա Ադրբեջանում հեղաշրջում կլիներ և Ալիևների դինաստիան կընկներ: Ալիևը չեր կարող թույլ տալ, որ իր դինաստիան տապալվի, դրա համար էլ Հեյդար Ալիևն ուղիղ կապի մեջ էր Ղարաբաղի այն ժամանակների իշխանությունների հետ: Իսկ Հայաստանի այն ժամանակների իշխանությունը փոխանակ քաղաքական պայմաններ առաջ քաշելու` փորձել է ապացուցել գերտերություններին ու հատկապես Ռուսաստանին, որ նա իշխանություն ունի Լեռնային Ղարաբաղի վրա: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: 1994թ հետո քանի՞ զոհ տվեցինք: Իմ կարծիքով` այս պատերազմը չէ, որ պետք է մեզ հուշեր մաքսիմալիստական լինել, մենք ի սկզբանե պիտի այդպիսին լինեինք:
Դուք պատկերացնու՞մ եք հիմնախնդրի իրավաքաղաքական կարգավորումը, թե բոլոր դեպքերում պատերազմն անխուսափելի է:
Իհարկե, պատկերացնում եմ քաղաքական կարգավորումը: Բայց խնդիրը նրա մեջ է, որ այն տպավորությունն է ստեղծվել, թե պարտություն կրած երկիրը պետք է հաղթանակի տիտղոսը կրած կնքի այդ պայմանագիրը: Պատճառը մեր դիվանագիտության մեջ եղած լուրջ ձախողումներն են` նույն մաքսիմալիստական չլինելու առումով: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չպետք է դիտարկվի միայն Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում: Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում միայն մեկ հարց ունենք քննարկելու` մեր կարգավիճակի հարցը: Դրան զուգահեռ մենք պետք է լուրջ աշխատանքներ տանենք Արցախի ճանաչման հարցով: Ինչպես դա արեց Կոսովոն, Հարավային Օսետիան կամ Աբխազիան` օգտագործելով արևելքը կամ արևմուտքը: Մենք, փառք Աստծո, սկսել ենք Արցախի ճանաչման գործընթացը, բայց ես չեմ կարծում, թե մենք ամբողջ ներուժով ենք աշխատում այս ուղղությամբ:
Այսինքն, դուք կարծում եք, որ միջազգային ճանաչումը մեզ կտա անվտանգության այնպիսի երաշխիքներ, որ ապօրինածին ու, ըստ էության, ահաբեկչական այդ պետությունը կհարգի՞ այդ փաստաթուղթը կամ կարգավիճակը:
Իհարկե ոչ: Երաշխիքները ծիծաղելի են: Հայաստանի Հանրապետությունը ճանաչված երկիր է, բայց Ադրբեջանը կրակում է Տավուշի վրա: Մենք մեր հույսը պետք է միայն մեր ուժի վրա դնենք` աշխատելով երկու ճակատներում էլ: Այս տեսակետից նույնպես Կոսովոյի, Աբխազիայի ու Օսետիայի օրինակները մեզ համար կարող են ուսանելի լինեն: Իմ կարծիքով` մենք ճիշտ չենք օգտագործում մեր խաղաքարտերը: Այսօր էլ արևելքի ու արևմուտքի միջև հակասություններ կան, որոնցից կարելի է օգուտ քաղել: Ուղակի պետք է ուղղել մեր դիանագիտության մեջ առկա սխալները: Պետք է քո առաջ նպատակ դնես և փորձես գտնել բոլոր մեթոդները այդ նպատակին հասնելու համար, ոչ թե ի սկզբանե մտածես, որ դա հնարավոր չէ անել: Եթե մենք մեր ներուժի ոչ ամբողջական կիրառումով կարողացել ենք հասնել այսքան երկրների կողմից ճանաչմանը, ապա ճիշտ հաշվարկներ անելով ու ճիշտ քաղաքանություն վարելով կարելի է այդ գործընթացը նոր հանգրվանի հասցնել: Հասնել նրան, որ նորանոր երկրներ ճանաչեն մեր անկախությունը: Իմ կարծիքով` ապագան դրա մեջ է: Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում պետք է միայն նրան հասկացնենք, որ պատերազմը այն ճանապարհը չէ, որով կարելի է լուծել այս հիմնախդիրը: Իմ խորին համոզմամբ` ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու է հենց մեր երկրի միջազգային ճանաչումը:
Հիմա, առավել քան երբևէ, խոսվում է այն մասին, որ մեր դիվանագիտությունը չի հասցնում մեր զինվորի ձեռքբերումներն ամրագրել ու զգալիորեն հետ է մնում դեպքերի զարգացումներից:
Դրա մեջ ճշմարտություն կա: Դիվանագետի մեջ պետք է լինի զինվորի ոգին: Այն զինվորի, որը սահմանի վրա կարողանում է կյանքի գնով, ինչ-որ տեղ նույնիսկ չհաշվարկելով իր տեխնիկան և այլն, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանը: Դիվանագետն էլ մարտի մտնելով` պետք է զինվորի ոգին ունենա ու աշխատի հասնի մաքսիմում արդյունքի: Այդ ուղղությամբ մենք լուրջ աշխատանք պիտի տանենք:
Մադրիդյան սկզբունքներ. տարածքներ` կարգավիճակի դիամց: Արդյո՞ք սա հնարավոր է, էլ չեմ խոսում ողջամտության մասին:
Մադրիդյան սկզբունքները միայն տարածքների վերադարձ չեն ենթադրում: Դա մի քանի կետերից կազմված փաստաթուղթ է, որը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ: Մեր կուսակցությունը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս այդ սկզբունքների ժխտմամբ: Մենք բազմիցս ասել ու ասում ենք, որ պետք է փոփոխման ենթարկել այդ փաստաթղթի մի շարք կետեր: Մենք չենք կարող առաջնորդվել Մադրիդյան սկզբունքներով:
Զրույցը վարեց Յուլիա ՎԱՆՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում