Կառավարությունը մինչև մայիս ԱԺ կներկայացնի 2015թ. բյուջեի հաշվետվությունը

Կառավարությունը մինչև մայիս ԱԺ կներկայացնի 2015թ. բյուջեի հաշվետվությունը

Կառավարությունը հաստատեց 2015 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ ՀՀ պետական կառավարման մարմիններին հանձնարարելով մինչև ապրիլի 26-ը ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացնել իրենց դիտողությունների ու առաջարկությունների վերաբերյալ հաշվետվություն:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ բյուջեի հաշվետվությունն Ազգային ժողովին է ներկայացվելու մինչ մայիսի մեկը:

Հաշվետվության մեջ նշվում է, որ անցյալ տարի իրականացվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեջ ընդգրկված 8 ոլորտի զարգացման համար նախատեսված աշխատանքները: 2015 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակում մասնակի սուբսիդավորվել են 16 ընկերության վարկերի տոկոսադրույքներ: Կայացել են «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015» և «Yerevan Show» 5-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսները: Անցյալ տարի ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակում սկսնակ և գործող շուրջ 6000 ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվել է 13194 աջակցություն, որի շուրջ 95%-ը՝ ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ համայնքներում: Նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքի փոխհատուցման ծրագրի շրջանակում աջակցություն են ստացել 611 ՓՄՁ սուբյեկտներ:

Պետբյուջեի շրջանակում զինվորական կենսաթոշակների չափերը բարձրացվել են 2015 թվականի հուլիսի 1-ից, մասնավորապես, զինվորական կեսնաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 16000 դրամ (14000 դրամի փոխարեն), իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ (1300 դրամի փոխարեն):

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը 2014-ի համեմատ ավելացել է մոտ 15%-ով: 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է եղել 525391 կենսաթոշակառու և սոցիալական նպաստ ստացող, որոնցից 463107 ը` աշխատանքային կենսաթոշակառու, 62284-ը` նպաստառու, 2318-ը` շարքային կազմի զինծառայության հետ կապված կենսաթոշակ ստացող (թիվը չի ներառում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության (ՆԳՆ), ՀՀ դատախազության, այլ համակարգերի կենսաթոշակառուներին), 171-ը` պետական պաշտոն զբաղեցրած անձինք:

Առանձին կատեգորիայի կենսաթոշակառուների (զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 2015 թվականի հունվարի 1-ից Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին մինչ այդ նշանակված 2 կենսաթոշակից մեկի` զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվել է պարգևավճար, որի չափը գերազանցել է նախկին կենսաթոշակի չափը հիմնականում 40-50 տոկոսով:

Արդյունքում` շուրջ 6300 անձանց զինվորական կենսաթոշակի փոխարեն վճարվել է դրա չափն էականորեն գերազանցող պարգևավճար: Միաժամանակ սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող անդամը պարգևավճարի իրավունք է ձեռք բերում` անկախ աշխատելու հանգամանքից: Այս դեպքում վերականգվել է շուրջ 76 շահառուի պարգևավճար ստանալու իրավունքը: 2015 թվականի մայիսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ 25000 դրամից դառնալով 50000 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում