Հայաստանում փոստային նամակների շրջանառությունը տարեկան 18 միլիոն է

Հայաստանում փոստային նամակների շրջանառությունը տարեկան 18 միլիոն է

ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ»-ի կողմից նամակների շրջանառությունը վերջին տարիներին կրկնապատկվել է` դառնալով 18 միլիոն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ, ընկերության դիտորդ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը` նշելով, որ 6 տարի առաջ այդ թիվը 9 միլիոն էր: Անդրադառնալով Հայաստանի շրջաններում «ՀայՓոստ»-ի բաժանմունքների արդիականացման հարցին` Գեչիջյանը շեշտեց, որ ներկայում մշակում են առաջիկա 5 և 10 տարիների զարգացման ծրագրերը, որոնք պետք է ներկայացնեն ՀՀ կառավարության հաստատմանը: Իսկ ներկայում կապիտալ վերանորոգված բաժանմունքների թիվը 250-ի է հասնում, որոնցից միայն 60-ն են Երևանում, մյուսները տեղակայված են շրջաններում: «Ամբողջ Հայաստանում 800 փոստային բաժանմունքներ կան, որոնցից 700-ը օնլայն համակարգով միացված են գլխամասին, որպեսզի մարդիկ ցանկացած բաժանմունք մտնեն ու նույն ծառայություններից օգտվեն: էլեկտրոնային առևտրի զարգացման առումով էլ շատ կարևոր է սոցիալական ներգրավումը, որ բոլորը կարողանան օգտվել նույն ձևով, ինչպես Երևանի բնակչությունը: Մեր առաջնահերթությունն է դա, մենք մեծ ռեսուրսներ ենք ներդնում շրջաններում»,-հավաստիացրեց Պաբլո Գ եչիջյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում ամենամեծ էլեկտրոնային ցանցն ունի հենց իրենց ընկերությունը, որն աշխատանքով է ապահովել շուրջ 2900 մարդու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում