Արամ Դանիելյանը դադար չպետք է ունենա. Միքայելյանը կվերահսկի հակառակորդի գործունեությունը
Նմանատիպ
Ապրիլի 17-ին անցկացված Հրազդանի քաղաքապետի ընտրությանը ոչ մի անկանխատեսելի բան չկար, իշխանությունները կիրառեցին նույն տեխնոլոգիաները՝ ընտրակաշառք, ինչ-որ տեղ կարուսելներ, ճնշումներ պետական հիմնարկների աշխատողների վրա, այսինքն՝ տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հրազդանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը:
«Դրսում խոշոր գումարի բաժանում է եղել՝ 10-ից մինչև 50 հազար դրամ: Այս տարիների ընթացքում կեղեքել են ժողովրդին և այդ հավաքված գումարը բաժանել են, որ հետո նորից հավաքեն»,- շեշտեց Միքայելյանը՝ շնորհակալություն հայտնելով այն 10 հազար մարդկանց, որոնք իրեն քվե են տվել, և որն իր թիմը կարողացել է պաշտպանել:
«Հրազդանում որոշ մարդկանց ուղեղը կարողացել են լվանալ: Մարդիկ գերադասում են 4-5 օր կուշտ փորով հաց ուտել և հետո 5 տարի բողոքել: Ես ձեզ վստահեցնում եմ՝ շուտով ամենամեծ բողոքողները կլինեն այն մարդիկ, որոնք գումար են վերցրել և ձայն տվել Արամ Դանիելյանին»,– հավելեց Միքայելյանը:
Ըստ նրա՝ իրականում Արամ Դանիելյանը Հրազդանում ընդամենը 2000 ձայն ունի. չէր կարող 14 տարվա քաղաքապետը, որը Հրազդանը հասցրել է այսօրվա վիճակին, նորից ընտրվեր:
«Մի հինգ տարի էլ, որ մնա Հրազդանից բան չի մնա»,-ցավով նշեց ազատամարտիկը՝ վստահեցնելով, որ հրազդանցի երիտասարդների 80 տոկոսն իր կողմից է, քանի որ խոստացել էր, թե ընտրվելու դեպքում քաղաքապետարանը համալրվելու է երիտասարդ և նոր ուժերով:
Ներկա իրողության պարագայում սակայն Սասուն Միքայելյանը «ձեռքերը ծալած» չի նստելու և հանուն Հրազդանում բարեփոխումների պայքարելու է այս անգամ Ֆրանսիայի օրինակով. վերահսկելու է քաղաքապետ Արամ Դանիելյանի գործունեությունը՝ որպես ձայների քանակով երկրորդ ուժ. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկ որոշում ենք կայացրել խումբ ձևավորել, որը կզբաղվի Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի գործունեությամբ: Արամ Դանիելյանը դադար չպետք է ունենա: Մեր քաղաքում ահավոր վիճակ է, դուք բոլորդ ականատես եք եղել՝ ոնց որ 19-րդ դարի վերջը լինի: Մասնավորապես Վանատուր թաղամասում 14 տարվա ընթացքում մի բահ շեբեն չի բերվել, ոչ մի գործ չի կատարվել: Հետեւողական ենք լինելու, ճանապարհներ ենք փակելու, միտինգներ ենք անելու, որ խոստում է տվել, պիտի անի»:
Անդրադառնալով ընտրությանը հաջորդած միջադեպին, երբ Արամ Դանիելյանի կողմնակիցները քաշքշուկ էին սկսել Սասուն Միքայելյանի կողմնակիցների հետ, Միքայելյանն արձագանքեց.«Հաջորդ օրը երեկոյան նրանց կողմնակիցները ցանկություն են ունեցել մեր հայաթում մեզ «հյուրասիրել», էթիկայից ելնելով մենք «հակահյուրասիրեցինք», անցանք առաջ»:
Գաղտնազերծելով ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը նշեց. «Ես կանչել եմ ՀԱԿ-ի տարածքայինի ղեկավարին և ասել՝ բերեք մարդիկ, որովհետև սա ուրիշ կարգի ընտրություն է լինելու, ոչ միայն իմ կողմից նշանակված թեկնածուներ լինեն, այլ գանք համաձայնության, որ որոշ տեղամասերում ձեր մարդկանցից լինի, որոշներում՝ իմ: Համաձայնության չենք եկել, հետո իրենք տղերքի հետ մի քանի տեղ համագործակցել են: Իմ համար զարմանալի է, որ Արամ Բարեղամյանը հայտարարել էր, թե «եթե մենք Հրազդանում թեկնածու չենք դրել, դա առավելություն է»: Իրանց թեկնածուն քանի ձայն պիտի հավաքեր, կամ ում պիտի դնեին: Ինքը լավ գիտի, որ նման թեկնածու չունեն, որ հավաքի գոնե 500-1000 ձայն»:
Միաժամանակ Սասուն Միքայելյանը նկատեց, թե չի կարծում, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները տեղամասում ինչ-որ «անմաքուր» քայլերի գնացած լինեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում