Սիրիայի քաղաքներից ռեկորդային թվով վիրավորների են տարհանել

Սիրիայի քաղաքներից ռեկորդային թվով վիրավորների են տարհանել

Միջազգային կազմակերպությունները 500 վիրավոր սիրիացիների են տարհանել Սիրիայի չորս պաշարված քաղաքներից: Խոսքը զինված հակամարտության հինգ տարվա ընթացքում վիրավորների ամենախոշոր տարհանման մասին է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վիրավորների կեսը դուրս է բերվել կառավարական զորքերի կողմից շրջափակված Զաբադանի եւ Մադայա քաղաքներից, եւս կեսը՝ Ֆուա եւ Քեֆրայա բնակավայրերից, որոնք պաշարված են ապստամբների կողմից:

Ինչպես BBC-ին հայտնել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակի օգնական Յան Էգելանը, գործողությունը մի քանի անգամ հետաձգվել էր, սակայն ի վերջո հաջողությամբ Է ավարտվել:

Նրա խոսքով՝ Կարմիր Խաչի սիրիական ստորաբաժանումը տարհանումն իրականացրել է ՄԱԿ-ի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ:

«Երկար ժամանակ շատ դժվարին բանակցություններ էին ընթանում»,-պատմել է Էգելանը, նշելով, որ հակամարտության երկու կողմերն էլ պնդում էին երկուստեք հավասար թվաքանակով վիրավորների տարհանումը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Սիրիայում պաշարման պայմաններում է ապրում է մինչեւ կես միլիոն մարդ: Վիրավորների վերջին խոշոր տարհանումը երկրում անցկացվել էր անցյալ տարվա դեկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում