Ինչ-որ մեկի սրիկայության պատասխանն է ինչ-որ մեկի հերոսությունը. էլ լափել չկա, տղերք. Մեսչյան (տեսանյութ)
Նմանատիպ
Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը բավականին լուրջ է և պահանջում է մաքսիմալ մոբիլիզացիա բոլորի կողմից՝ նախագահից մինչև բանվոր, և ուզենք, թե՝ ոչ, մենք մտնում ենք մեծ ու վտանգավոր մի խաղի մեջ, որ կոչվում է պատերազմական իրավիճակ: Այս մասին «Բուն TV»-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի երգիչ, երգահան ու ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Վատ նորություն ունեմ. էս օրերին մոբիլիզացվեցին նրանք, որոնք պիտի մոբիլիզացվեին, էդ սիրտն ունեին, էդ ոգին: Սակայն ես կասկածում եմ, որ դա տարածվում է ամբողջ ազգային նյութի վրա: Մինչդեռ այս իրավիճակում ամբողջ ազգային նյութը պետք է մոբիլիզացվի»,- ասել է նա՝ ակնարկելով, որ այլևս ոչ մեկ չպետք է հույս ունենա, որ կմնա թաքնված, որ շարունակելու է մնալ հարմարավետ նշաձողում, ամեն ինչ մոռացվելու է, մարսվելու: Ոչ, այդ խաղը վերջացավ:
Ըստ Մեսչյանի՝ ապրիլյան պատերազմից հետո բավականին դիմակներ պատռվեցին, սուտ հայրենասիրությունը, թիթիզությունը հայտնվեցին իրենց տեղում, որովհետ «զիլ էրեխեք են զոհվում, կորցնում ենք մեր ազգի լավագույն սերմը, ուստի մեր խնդիրն է կանգնեցնել այդ կորուստը»:
Ըստ նրա՝ սա այն միակ դեպքն է, երբ ժողովուրդն ամբողջապես իրազեկված է, թե ինչ է կատարվում, և հարյուր տոկոսով հասկացել է, թե որն է մեր պրոբլեմը, հարյուր տոկոսով հասկացել է, թե ով է մեր ներքին և արտաքին թշնամին, միակ բանը, որ չի հասկացել՝ ինչ է պետք անել:
«Եթե Իսրայելի վրա արաբ տղերքը պենոպլաստի խողովակներ են շպրտում, կամ ջրի շշի մեջ ինչ-որ բաներ լցնում և գցում Իսրայելի սահմանի վրա, Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ է սկսում, եթե մի զինվորի է զոհվում, դա դառնում է համազգային մեծ խնդիր, մոբիլիզացիայի առիթ, իսկ 1.5 տարի է մեր էրեխեքը սպանվում են, կրակում են հրանոթից: Ըստ այդմ՝ միամտություն է կարծել, թե մենք նոր ենք մտել պատերազմի մեջ, այս պատերազմը սկսվել է 1,5 տարի առաջ: Ավելին, այն, որ որ մեր էրեխեքը զոհվում են, դա 25 տարի առաջվա պատասխանն է, ինչ որ մեկի սրիկայության պատասխանն է ինչ-որ մեկի հերոսությունը»,-ասաց Մեսչյանն ու կրկնեց վերևում ասված միտքը՝ պատերազմի օրերին համախմբվեց մի տեսակը, իսկ մյուս տեսակը մեքենաներով գնում է ընտրական տեղամասեր, կաշառք է վերցնում:
«Պատերազմական իրավիճակում ցանկացած գործունեություն, որը վնասում է երկրին, ազգին, հակապետական գործունեություն է՝ կաշառքը, բյուջեի մսխելը, 40-50 մլնանոց բարդակներ սարքելը, ինչ-որ ուսումնական կենտրոններ և այլն, այն ամենը, ինչ որ մսխում է մեր հոգին, մեր ազգը, ոչ թե ուղղակի գողություն է, այլ հակապետական գործունեություն… Երբ ասում եմ մոբիլիզացում, երբ ասում եմ պետական ամբողջ քաղաքականությունը փոխել դեպի պաշտպանական, պատերազմական ստրուկտուրա, դա չի նշանակում, որ մարդիկ չեն ապրելու, չեն քնելու, չեն սիրելու իրար, չեն ուտելու…Լափել էլ չկա, տղերք, պրծավ արդեն, որովհետև եթե իմ աչքի առաջ տենց բան տեսնեմ, էլ ոստիկանություն չեմ կանչի, զահլես գնաց: Սա քաղաքական մոտեցում է, պահվածք է պատերազմական իրավիճակի մեջ, եթե սա հասկանանք, կգոյատևենք»,-նշել է Մեսչյանը:
Ըստ նրա՝ այս հարցերը կարող են լուծվել, եթե խաղի կանոններ դրվեն, եթե այս ամենը կառավարվի վերևից, բայց «մեր վերևները ադեկվատ չեն». «Էս խաղերը, Մոսկվա գնալ, շամպայն խմել… սա այս իրավիճակը չէ, դու պետք է քո ատամները ցույց տաս, իսկ ատամը քո արժանապատվությունն է»:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին, Մեսչյանն ասել է. «Դեռ դուրս գալ-մտնելու պատմության մեջ ենք: Երբ դուք մտնում էիք տղերք, չգիտեի՞ք՝ ուր եք մտնում, կամ չէի՞ք պարզել, թե ինչ պայմաններով եք մտնում, չէի՞ք հասկանում, որ վաղ, թե ուշ ունենալու ենք այս կոնֆլիկտը, մտնել-դուրս գալու այս թիթիզություններն անալիզ չէի՞ք արել: Եթե երկու քայլ առաջ չես կարողանում մտածել, դու ի՞նչ քաղաքական գործիչ ես»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման լոբբիստական ակտիվ ջանքերին, Մեսչյանը զարմանք է հայտնել, որ նույնիսկ ապրչիլյան չորսօրյա պատերազմից հետո մեր լոբբիստները շարունակում են զբաղվել Եղեռնի ճանաչման հարցով. «Մի բառ ասեմ՝ տղերք զզվացրիք, հանգիստ թողեք էդ երկրները, ճանաչեն- չճանաչեն, կարևորը մենք ճանաչենք: Եթե մենք մինչև այսօր այսպես ենք ապրում, ուրեմն մենք Եղեռնը չենք ճանաչել…Կարևորը մենք ճանաչենք, թե չէ Էկվադորը կճանաչի, Ուրուգվայը կճանաչի, ջհանդամը ճանաչեն: Էդ լոբբիստները էդքան ժամանակ, փող ինչի վրա են ծախսում, երբ ՀՀ-ում առաջնային հարցեր կան…Կամ երկու օր առաջ էրեխեք զոհվեցին, կռիվ ա գնում, սրանք ազատ, անկախ ընտրություններ, կանվերտ են կտրում, ոնց որ մանկապարտեզ լինի…չորս-չորս, հինգ-հինգ, վեց-վեց ֆորմատ, գի՞ժ եք արա, էս ինչի մասին եք խոսում… Նորմալ մարդիկ սելեկցիոն մեթոդով բերեք նստացրեք ու պահանջեք, և եթե չանի՝ պատժեք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում