Գարո Փայլանը մեջլիսից պահանջել է հետաքննել 1915-ին հայ պատգամավորների սպանությունները (տեսանյութ)
Նմանատիպ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանն ու իր ընկերները մեջլիսից պահանջել են ուսումնասիրություն անցկացնել օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների մահվան հանգամանքների վերաբերյալ:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ, թուրքական «İnternethaber.com» լրատվակայքը հայտնել է, որ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) այս նպատակով հատուկ դիմում-առաջարկ է ուղղել ԹԱՄԺ-ի ղեկավարությանը:
Փայլանի և նրա կուսակցակիցների ստորագրությամբ ներկայացված փաստաթղթում նշված է, որ 1908-1915թթ. Օսմանյան կայսրության մեջլիսում գործել են 7 հայ պատգամավորներ: Օսմանահպատակ հայերի այդ ներկայացուցիչները՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգես Սերենգյուլյանը, Նազարեթ Տաղավարյանը, Կարապետ Փաշայանը, Օնիկ Դերձակյանը, Ստեփան Հրաչյանը և Համբարձում Բոյաջյանը Ցեղասպանության ընթացքում սպանվել են տարբեր հագամանքներում:
«Բոյաջյանը մահապատժի է ենթարկվել, իսկ մյուս պատգամավորները 1915թ. ապրի -մայիս ամիսներին ձերբակալվել են, ապա սպանվել տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում: Մենք ցանկանում ենք, որ խորհրդարանական հետաքննություն սկսվի՝ պարզելու համար, թե նրանք ինչպես և ում հրամանով են սպանվել, որոշելու համար, թե որտեղ են գտնվում հիմա նրանց մասունքները, որպեսզի այդ մասունքները թաղվեն ըստ պատշաճ կարգի և վերականգնվի այս մեջլիսում գործունեություն ծավալած պատգամավորների պատիվը», -ասված է դիմում-առաջարկում:
Փայլանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրել է օսմանյան հայ պատգամավորների անունները, մեկ առ մեկ ցուցադրել նրանց նկարները և իր ելույթը եզրափակել՝ հայերեն ասելով. «Աստված իրենց հոգին լուսավորե»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում