Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել. Լավրով

Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել.  Լավրով

ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները հաստատեցին, որ  այս կոնֆլիկտը  չի կարող ունենալ ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա՝ ներկա փուլում առաջնայինը 1994-1995թթ. համաձայնագրերի անշեղորեն կատարումն է. «Դրանք անժամկետ են և  պետք է հարգվեն բոլորի կողմից: Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ` աջակցելու կողմերին, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս պահին հրադադարի մասին համաձայնագրերի կատարումից բացի, կարևոր են անվտանգության միջոցների ապահովումն ու  միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծումը, որոնք ներկայացված են եղել 2011-ին եւ մշակվել են ԵԱՀԿ-ի կողմից: Այդ գործընթացի դանդաղեցումը ճիշտ չէ»,-ասաց Լավրովը:

Այս համատեքստում ՌԴ արտգործնախարարն անթույլատրելի համարեց  Թուրքիայի ղեկավարության միակողմանի հայտարարությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու կոչ.«Դա անթույլատրելի է, քանի որ նման հայտարարությունները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ են։ Սա արմատապես հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ միջազգային հանրության դիրքորոշմանը։ Բայց մենք արդեն վարժվել ենք Թուրքիայի ներկայիս ղեկավարության նմանօրինակ երևակայություններին»:

Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։

Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հաստատեց՝ հիշեցնելով, որ մերժողական քայլ Ադրբեջանն արել է և Սոչիում, և Մոսկվայում, և Աստրախանում,  և տասը  տարի առաջ Փարիզյան բանակցություններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում