Միջազգային հանրությունը պիտի դատապարտի ուժի կիրառումը, որ Բաքուն ռազմական ճանապարհով հարցեր լուծելու պատրանք չունենա

Միջազգային հանրությունը պիտի դատապարտի ուժի կիրառումը, որ Բաքուն   ռազմական ճանապարհով հարցեր լուծելու պատրանք չունենա

Մենք շատ հաճախակի հանդիպումներ ենք ունենում, ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում և այլուր։ Այս մասին Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսին շեշտեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ տեղեկացնելով, որ  Լավրովին քիչ հետո կընդունի նաև Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս այցելությունը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ վերջին շրջանում մեր երկրների բարձրագույն ղեկավարության շփումների առանցքը ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, դրա հետևանքների հաղթահարումը, ես կասեի՝ լայն իմաստով։

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրված էր հենց այս հարցերին։

Ապրիլի 2-ի ադրբեջանական հարձակման առաջին վայրկյաններից ես կապի մեջ էի պարոն Լավրովի հետ, մեր շփումները շարունակական բնույթ են կրել։ Մենք հանգամանալից քննարկում ունեցանք նաև Մոսկվայում ապրիլի 8-ին։

Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին։ Ռուսաստանի հետ, եռանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով և ամրապնդելով 1994-1995թթ. համաձայնագրերով հաստատված զինադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու նպատակով։

Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։

Հանդիպմանը մենք հանգամանալից քննարկեցին մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես քաղաքական օրակարգին, այնպես էլ մեր պաշտպանունակության բարձրացմանը։

Պարոն Լավրովի հետ քննարկեցինք հայ-ռուսաստանյան օրակարգի բազմաթիվ այլ հարցեր՝ առևտրատնտեսական փոխգործակցություն, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցություն։ Մենք մտքեր փոխանակեցինք հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, միջխորհրդարանական շփումների վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ անդրադաձանք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը»,-իր խոսքում շարունակել է Նալբանդյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում