Համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել ԼՂ-ին՝ խնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով
Նմանատիպ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 21-ին ընդունել է Հունաստանի համապոնտական դաշնության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է հայ և հույն ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, նշելով, որ միևնույն պատմական ընդհանուր անցյալը և մշակույթային հարուստ ավանդույթները բարենպաստ պայմաններ են ստեղծում ապագա համատեղ ծրագրերի իրականացման համար:
Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների նկարագիրը և անդրադարձել դրանց հետևանքներին:
Շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հունաստանի Համապոնտական դաշնության նախագահ Խրիստոս Դիմիտրիոս Տոպալիդիսը ընգծել է, որ Համապոնտական դաշնությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղին և հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի միմիայն խաղաղ ճանապարհով:
Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարանի ղեկավարն այն որակել է որպես հեռանկարային փոխգործակցության սկիզբ:
Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում