Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կնշի Քրիստոսի անվանակոչության տոնը

Վաղը Հայ Առաքելական եկեղեցին կնշի Քրիստոսի անվանակոչության տոնը:

Qahana.am կայքի հաղորդմամբ՝ Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: 

Ըստ հրեական օրենքի՝ ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:

Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Նշենք, որ Սուրբ Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հենց հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչության տոնով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում