Մի՛ փակեք ձեր աչքերը մարդկային ողբերգությունների վրա. ԻՊ-ի վայրագությունը վերապրած եզդի աղջկա հորդորը

Մի՛ փակեք ձեր աչքերը մարդկային ողբերգությունների վրա. ԻՊ-ի վայրագությունը վերապրած եզդի աղջկա հորդորը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարություն վերապրած ազգությամբ եզդի Նադյա Մուրադի միակ երազանքն է, որ այլևս ոչ ոք չզգա այն, ինչ ինքն է զգացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցող մարդու իրավունքների եզդի պաշտպանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գերությունից կարողացել է փախչել բարի մարդկանց շնորհիվ` դեմքը թաքցնելու միջոցով:

«Ճամբարում հայ տնվելուց հետո ինձ հաջողվեց տեղափոխվել Գերմանիա, որտեղ էլ այժմ ապրում եմ: «Իսլամական պետության» զինյալները սպանել են իմ վեց եղբայրներին, իսկ մայրս և զարմուհիս, ովքեր փորձել են փախչել, պայթել են ականի վրա: Իմ երկու քույրերին և երեք եղբայրներին հաջողվել է փրկվել, նրանք այժմ ճամբարում են»,-ընտանիքի դաժան պատմությունը ներկայացրեց Նադյա Մուրադը: Նրա խոսքով` 10 հազար եզդի է գերի վերցվել ու սպանվել ահաբեկիչների կողմից:

«Իսկ նրանք, ովքեր չեն սպանվել, մահացել են կիզիչ արևից: Նրանք Սիրիայի և Իրաքի սև շուկաներում վաճառել են մեր կանանց ու երեխաներին, բռնաբարել են, մեկ տղամարդուց մյուսի ձեռքն են փոխանցել»,- հուզմունքը հազիվ զսպելով` ասաց երիտասարդ կինը:

Նադյա Մուրադին ցավ է պատճառում հանգամանքը, որ իրենք այդ ամենի միջով անցել են ու ներկայում էլ անցնում են ամբողջ աշխարհի աչքի առջև:

«1.5 տարուց ավելի է, որ մեր ազգը տառապում է, բայց ոչինչ չի արվում, որպեսզի նրանց օգնություն ցուցաբերեն: Մի՛ փակեք ձեր աչքերը մարդկային ողբերգությունների վրա, օգնե՛ք մարդկանց, անմեղ մարդիկ չպետք է տառապեն»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա նկատեց, որ եթե այն ճանաչվեր, ապա նրան հաջորդող բոլոր ցեղասպանությունները տեղի չէին ունենա: Նադյա Մուրադի պնդմամբ` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտւմը կարող է կանխարգելել այլ ցեղասպանության կրկնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում