Հայ խորհրդարանականները բարձրաձայնում են եզդի ժողովրդի նկատմամբ Իրաքում բռնությունների մասին. Հերմինե Նախդալյան
Նմանատիպ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում հանդիպել է մարդու իրավունքների եզդի պաշտպան Նադիա Մուրադ Բասեե Տահայի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ազգությամբ եզդի կինը հազարավոր կանանց հետ առեւանգվել է ԴԱԻՇ-ի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շինգալ քաղաքի գրավման ժամանակ: Նադիա Մուրադ Բասեե Տահան ՀՀ ԱԺ փոխնախագահին է ներկայացրել իր եւ իր ժողովրդի ողբերգական պատմությունը: Գերությունից ազատվելուց հետո նա ճամփորդել է աշխարհում՝ ներկայացնելով եզդիական կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԴԱԻՇ-ի կողմից իրականացված վայրագությունները:
Հերմինե Նաղդալյանը իր ցավակցությունն է հայտնել եզդի ժողովրդին բաժին հասած ողբերգության համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ինչպես հարյուր տարի առաջ աշխարհն ընդունում էր Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին, այնպես էլ այսօր Հայաստանն է ընդունում եզդիներին: Տիկին Նաղդալյանը փաստել է նաեւ, որ ոչ միայն ՀՀ Ազգային ժողովում, այլեւ միջազգային հարթակներում հայ խորհրդարանականները մշտապես բարձրաձայնում են եզդի ժողովրդի նկատմամբ Իրաքի հյուսիսում իրականացված բռնությունների մասին:
Անդրադառնալով գլոբալ ֆորումին տարբեր ազգերի եւ պետությունների ներկայացուցիչների մասնակցությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է բոլոր ազգերի միասնական պայքարը ցեղասպանությունների եւ ահաբեկչության դեմ:
Հյուրի խնդրանքով խոսելով Հայաստանում եզդիական համայնքի մասին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ եզդիները մեր երկրում պաշտպանված են եւ ապահով, մասնակցում են երկրի ներքին կյանքին:
Հանդիպման մասնակիցները միաձայն նշել են, որ ամբողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն:
Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը համբերություն, կորով ու խաղաղություն է մաղթել եզդի ժողովրդին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում