Երեկ ավանդական խարույկի շուրջ նշվել է ապարանյան Հին Նոր տարի

Ապարան քաղաքի հրապարակը երեկ բազմամարդ է եղել: Այստեղ ոչ միայն քաղաքի, մարզի այլ բնակավայրերի բնակիչներն էին, այլև հյուրեր՝ մայրաքաղաքից, նրանց թվում նաև՝ կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Ամանորյա տոնակատարությունները Արագածոտնի մարզում եզրափակվեցին «Ապարանյան Հին Նոր տարի» ամենամյա տոնակատարությամբ:

Ինչպես տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից, հանդիսությունն սկսվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, բարեմաղթանքով, հոգևոր դասի ներկայացուցիչների աղոթքով: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսք է հղել մարզպետ Սարգիս Սահակյանը:

Նա ասել է, որ արդեն ավանդական դարձած այս տոնախմբությունը լավագույն առիթ է պահպանելու ժողովրդական ծեսերն ու ավանդույթները և ցուցաբերելու մեր ժողովրդին հատուկ միասնականությունն ու համախմբվածությունը:

Շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այլք:

Ավանդական խարույկի շուրջ անցկացվել է շուրջպար: Տոնակատարությունն ուղեկցվել է սիրված երգիչների և համույթների երգ ու պարով: Տարբեր մարզերի, համայնքների կողմից բացված սեղանների շուրջ մասնակիցներն օգտվել են նաև ավանդական ճոխ հյուրասիրությունից: Միջոցառումը կազմակերպել էին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը և Ապարանի քաղաքապետարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում