Ադրբեջանում մնացել են բանտերում գտնվող օմոնականների հույսին
Նմանատիպ
Ապրիլի 1-5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիային հայկական ուժերի հասցրած ջախջախիչ հարվածներից ցնցված Ադրբեջանում մնացել են բանտերում գտնվող նախկին օմոնականների հույսին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» առաջնորդ Աքիֆ Նաղին moderator.az-ի հետ զրույցում հայտարարել է, որ ապրիլի սկզբից հետո ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է բանտերից ազատել բոլոր օմոնականներին եւ ուղարկել առաջնագիծ:
«Բանտերում գտնվող բոլոր օմոնականները պետք է ազատ արձակվեն եւ ուղարկվեն օգնելու բանակին», -ասել է նա:
Նաղին գտնում է, որ անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական հասարակությունը փոխի իր վերաբերմունքը օմոնականների նկատմամբ:
«Գտնում եմ, որ օմոնականների նկատմամբ վերաբերմունքը հիմնովին պետք է փոխվի: Այդ մարդիկ իրենց կյանքը դրել են հայրենիքի համար: Նրանց մի մասն արդեն դուրս է եկել բանտից, մի մասն էլ դեռ բանտում է: Նրանց մեջ կան նաեւ ցմահ ազատազրկվածներ: Գտնում եմ, որ անհրաժեշտ է հիրավի հաշվի առնել այդ մարդկանց ծառայությունը», – ասել է նա:
Նրա խոսքով` հայտնի գործընթացներից մեծ ժամանակ է անցել եւ կարիք կա օմոնականների նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխել դեպի դրականը եւ նորովի ներկայացնել նրանց:
«Հասկանում եմ, որ որոշ հարցեր, քաղաքական գործընթացներ եղել են: Հասարակության մեջ օմոնականների նկատմամբ անդուր կարծիք է ձեւավորվել: Դրանք արդեն անցած բաներ են: Այդ իրադարձություններից շատ ժամանակ է անցել: Այդ մարդիկ մինչեւ հիմա բանտերում են: Եթե նրանք մեղավոր էլ են, բանտում եղած ժամանակն արդեն լվացել է նրանց մեղքը: Դա մեր պատմության տհաճ մասերից է: Գտնում եմ, որ այդ հարցը պետք է վերանայվի: Նրանց պետք է նորից հնարավորություն տալ իրենց ցույց տալ մարտի դաշտում: Բանտերում եղած բոլոր օմոնականները պետք է ազատ արձակվեն եւ ուղարկվեն ճակատ»,- ասել է Նաղին՝ ընգծելով, որ «բանակն ունի նրանց կարիքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում